Պաշտոնական Թբիլիսին բողոքի նոտա չի հղի Կիևին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թ. Բերուչաշվիլին: Վերջինիս պնդմամբ, Վրաստանը չի ցանկանում վատթարացնել հարաբերությւոններն Ուկրաինայի հետ, նույնիսկ այն պարագայում, երբ այդ երկրի նախագահը Սաակաշվիլիին նշանակել է Օդեսայի նահանգապետ:
Այն, որ Թբիլիսին փորձում է զերծ մնալ վրաց-ուկրաինական հարաբերություններին վնասելուց, նորմալ է, բայց այն փաստը, որ աչք է փակում՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող՝ վրացիների համար անընդունելի քայլերի վրա, այ դա արդեն հասկանալի չէ:
Հիշենք ընդամենը, որ Բերուչաշվիլին, անդրադառնալով Սահակյան-Բիբիլով «հայտնի» հանդիպմանը նշել էր, որ դրա հետևում կանգնած են լուրջ և հեռահար ծրագրեր ունեցող ուժեր, և պետք է թույլ չտալ որպեսզի դրանք իրականանան՝ հավելելով, որ հայկական կողմը ներողություն է խնդրել նշված հանդիպման հետ կապված, որից հետո իրենք որոշել են հետ չկանչել Երևանից իրենց դեսպանին:
Հ.Գ. Փաստորեն, Թբիլիսիի համար նորմալ է, եթե գլխավոր դատախազության կողմից մեծ հնչեղություն ստացած տարբեր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլիին Օդեսայի նահանգապետի պաշտոնում են նշանակում, այսինքն՝ վրացիներին ընդհանրապես չի անհանգստացնում դա:
Սակայն, օբյեկտիվորեն կարելի է արձանագրել, որ տվյալ քայլով Կիևը ոչ միայն արհամարհում է Վրաստանի դատախազության պահանջը, այլ՝ կոպիտ վիրավորանք է հասցնում պաշտոնական Թբիլիսիին: Իսկ վերջինը լռում է...