Սովորաբար պետբյուջեի կատարողականի վերաբերյալ հանձնաժողովների քննարկումների ժամանակ քաղաքական կառույցներին հետաքրքրում են կոնկրետ բյուջեի ծախսերի հետ կապված հարցերը:
Բայց, ինչպես երևում է, մեր խորհրդարանում քաղաքական ուժերից ոչ բոլորն են ընդհանուր առմամբ հետաքրքրված կառավարության կատարողականով: Մասնավորապես 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բարձրացրել էր մի հարց, որն ըստ էության կարելի է դասել «շենքում խոսում են» ժանրին:
Ինչպես հիշում ենք՝ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահան Բաբայանը հայտարարել էին, որ մուրացկանները մանկատներից «պռակատով» երեխա են վերցնում ու Երևանի փողոցներում զբաղվում մուրացկանությամբ:
Սա ինքնին համարվում է հանցագործություն, հետևաբար հայտարության տարածումից անմիջապես հետո դատախազության Հատուկ կարևորագույն գործերով քննության վարչության դատախազը կապվել է Զոհրաբյանի հետ և խնդրել փաստեր և ապացույցներ ներկայացնել: Նաիրա Զոհրաբյանը, ի պատասխան դատախազի արձագանքին հայտնել է, որ կոնկրետ փաստեր չկան և «երեխաներից է լսել», որ նման երևույթ կա:
Փաստացի ի՞նչ է ստացվում, ԲՀԿ-ականները ԱԺ քննարկումներին մասնակցելիս ամբողջ խմբակցությունով հավաքում, երկար մտածում են և որոշում, որ առաջնահերթ խնդիրը ոչ թե 2014 թվականի պետբյուջեի կատարողականն է, այլ մի խումբ երեխաներից լսած անհայտ տեղեկատվությունը:
Հիմա ի՞նչ, եթե օրերից մի օր ԲՀԿ-ն «լավատեղյակ աղբյուրներից» ինֆորմացվի, որ ենթադրենք Միքայել Մելքումյանի հարևանի կինը դավաճանում է ամուսնուն, ապա այդ հարցը պետք է բերենք և լսումներ կազմակերպենք Ազգային Ժողովո՞ւմ:
Դե, ինչ արած… Տխուր է, երբ քաղաքական ուժերի օրակարգերն արդեն ձևավորում են երեխաները, բակում նարդի խաղացող շենքի ալեհերներն ու Թումանյան փողոցով քրտնաջան աշխատող մուրացկանները: