Araratnews.am-ը գրում է.
Վերջին շրջանում գազալցակայաններում շատ են գրանցվում պայթյունների դեպքեր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս խնդրին անդրադարձավ «ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Բանախոսը նախ նշեց, որ համաձայն ՀՀ օրենսդրության՝ տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին լինելու վիճակի համար պատասխանատվություն է կրում սեփականատերը կամ վարորդը, այսինքն այն անձը, որը ղեկին է եղել, հետևաբար ամբողջ պատասխանատվությունը կրում է վարորդը կամ սեփականատերը:
«Սա փաստում է, որ տեխզննման կետերի համար օրենքը ոչ մի պատասխանատվություն չի նախատեսում: Այսօր տեխզննման համար վարորդը վճարում է 8000 դրամ: Մարդ վճարում է կատարում բանկում և ստանում տեխզննման թուղթ: Ստացվում է, որ տեխզննման կետերը ոչ միայն ազատվում են պատասանատվությունից, այլև կրում են ձևական բնույթ: Դա էլ բավական չէ, տեխզննման թուղթը չփակցնելու համար վարորդը տուգանվում է 20 000 դրամով»,-նկատեց բանախոսը:
Վերջինս նշեց նաև, որ դժվար է խոսել գազալցակայանի աշխատակիցների մեղքի մասին, որովհետև վարորդները հաճախ ձեռք են բերում մաշված բալոններ, քանի որ դրանք ավելի էժան են: