Մանկություն… մեր կյանքի միակ ժամանակաշրջանը, որը հիշելիս բոլորիս դեմքին ժպիտ է հայտնվում: Այսօր, երբ հունիսի 1-ն այլևս մեր տոնը չէ, մենք հասկանում ենք, որ մանկությունը հեռացել է առանց այցեքարտ կամ հասցե թողնելու: Այն մնացել է միայն մեր սրտերում: Այնտեղ է մանկության ետդաձի տոմսը: Եվ ամեն անգամ պետք է պարզապես մի փոքր պատուհան բաց թողնել մեր սրտում գտնվող մանկության համար...
Իրենց մանկության պատուհանից մեզ ներս են թողնում ֆեյսբուքցիները և մեզ հետ կիսվում իրենց ամենաթանկ ու ամենավառ հիշողություններով:
Տաթևիկ Ավետիսյան
90-ական մութ ու ցուրտ տարիներն էին, հայրս պատերազմում էր: Ձմեռ էր: Հիշում եմ՝ մայրս տխուր էր: Դեռ փոքրուց միշտ ամենուր դրականն եմ փնտրել, ուստի ինչ տեսակ կապիկություն ասես անում էի, որ մորս դեմքին ժպիտ տեսնեմ, չգիտեմ, թե էդքան փոքր ոնց էի զգում ու ոնց եմ մինչև հիմա հիշում: Տեսա, որ ոչինչ չի ստացվում, սկսեցի ուժեղ լացել, որ գնանք տատիկիս տուն, մայրս համաձայնվեց: Բարձրացանք 42 համարի ավտոբուս, բոլորը հրում էին իրար, ավտոբուսներից կախված էին մարդիկ, դրսում բարձրախոսներով միտինգավորներ էին: Էդ իմ դրականը փնտրեցի, չտեսա ու բարձր գոռացի՝ «Ժողովուրդ, ա՜յ ժողովուրդ»: Բոլորը պտտվեցին ու նայեցին ինձ՝ գետնին, ասացի՝ «Վայ թաղե՛մ ձեզ, ժողովուրդ :Դ»
Կոնստանտին Տեր-Նակալյան
1992 թվականի դեկտեմբերի 31-ին Կոմիտասից տեղափոխվեցինք մեր նոր բնակարան՝ Դավիթաշեն։ Երեկոյան 9-ի կողմերը սեղան նստեցինք, ու մի 5 րոպե հետո լույսերն անջատեցին և այդպես էլ մինչև առավոտ չտվեցին։ Մութ տարիներն էին։ Առավոտյան ժամը 7-ին ծնողներս արթնացրեցին ինձ ու եղբորս, ասեցին, որ Ձմեռ պապիկը նվերները բերել ա։ Ես ու եղբայրս ճչալով ու գիշերանոցներով վազեցինք մյուս սենյակ, որտեղ տոնածառն էր, ու ամեն մեկս մի պարկ նվեր գտավ տոնածառի տակ։ Երբեք չեմ մոռանա կերոսինով լամպի լույսի ու ֆուջիկայից եկող հոտի ներքո այն կախարդական զգացողությունը, որը կարող ես ունենալ միայն մանուկ հասակում, միայն Նոր տարուն ու միայն լավ ընտանիքում։ 1993 թվականի հունվարի 1-ն էր, դիզվառելիքի հոտով, մութ, ընթացող պատերազմով, բայց այդքան լուսավոր։ Ես այդ ժամանակ 5 տարեկան էի, իսկ եղբայրս՝ 3։
Ալինա Դերձյան
Շատ հարցեր եմ տվել, հետո արագ հասկացել, որ ավելի լավ է գրքեր կարդամ, քան հոգնեցնեմ ծնողներիս: Կարդալու մոլուցք ունեի, այն աստիճան, որ մայրս վախենում էր, թե տեսողությունս կփչացնեմ (վերմակի տակ էի մտնում ու լապտերով կարդում), դրա համար գրքերն ինձնից պահում էր, մի անգամ նույնիսկ սառնարանում է պահել, որ մտքովս չանցնի` գտնեմ։))) Ահավոր հետաքրքրասեր եմ եղել, եթե քաղաքից դուրս էինք, ուրեմն բոլորի ուշադրության կենտրոնում պիտի լինեի, քանի որ հաստատ կորելու էի: Արագ ձանձրացել եմ եղածից ու սկսել նորություն փնտրել: Մի անգամ էլ ծովում եմ կորել, բայց, քանի որ ռուսերեն մի քիչ բլբլացել եմ, ինձ հայտնաբերած տղամարդը ման է եկել հայերին ու ինձ վերադարձրել է ծնողներիս: Մի բան էլ, որ երևի անսպասելի կլինի: Մեր բակում` Սարի թաղում, Արշակ անունով մի տղա է եղել, որին ես ծեծել եմ, ու հետո, հենց մայրն ուզել է տուն կանչի, սա չի գնացել, սպառնացել է, թե հիմա Ալինան բակ է դուրս գալու, որ սա վազի տուն։)))))))
Nell Ave
Երբեք չեմ եղել «մամայի սիրելի համեստիկ աղջիկը», չարություններս եղել են բավականին վտանգավոր: Մեր բակում չկային աղջիկներ, ես էլ շփվում էի տղաների հետ, խաղում, կռվում, հաշտվում: Իմ առաջին «ինքնապաշտպանությունը» եղել է այն, որ քարով խփել եմ մեր գյուղի տղաներից մեկին: Դե իսկ հարցը հասավ մինչև մայրիկներին: Տանն էլ հարցերս «լուծել եմ» լացի միջոցով, շատ էի լացում, և դրա համար քույրիկս ու եղբայրս ինձ մականուն էին դրել, բայց չեմ ասի, ամաչում եմ: Երբ առաջին դասարան էի գնացել, ինձնից մեծ եղբայրս մտավ մեր դասարան՝ տեսնելու՝ ինձ հո նեղացնող չկա՞, մտել էր, տեսել՝ պայուսակովս կռիվ եմ անում: Հա, մինչև հիմա այդպես շարունակվում է, շատ կռվարարն եմ :))))
Իմ մանկությունը համալրված է հիմնականում կրակոցների, պատերազմական շրջանի դժվարությունների վերաբերյալ հիշողություններով: Լուսավոր կետերից է, թերևս, 12 տարեկանում առաջին անգամ թերթերում տպագրվելը, որը երևի նախանշեց իմ հետագա ուղին... |
Նարեկ Մալյան
1985 թվականին, երբ 5 տարեկան էի, Գեղարդի վանքում նկարահանվում էր Ալմաստ օպերա ֆիլմը: Այդ ֆիլմում ինձ եկեղեցական աշակերտի դեր առաջարկեցին: Դերի համար ես ստացա իմ կյանքի առաջին աշխատավարձը՝ 3 ռուբլի, որով իսկույն ուլունքներ ու քաղցր սուջուխ գնեցի քրոջս համար: Վանքի մեղվապահ լուսահոգի Սարգիս քեռու հրահանգները չկատարելու հետևանքով 1989 թվականին ենթարկվեցի մեղուների հարձակմանը: Ընդհանուր առմամբ 50-ից ավել մեղու էր խայթել ինձ:
Anushanahit
Անսահման երջանկություն ա պարգևել էդ անհայտ մուկիկն ինձ մանուկ հասակում: