arm135374484041Araratnews.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՀԷՑ-ի հիմնախնդրից, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատեց, որ մինչ բոլորը կենտրոնացել են Հայաստանի էլցացների վրա, մի շարք այլ կազմակերպություններ ևս հայտ են ներկայացրել էլէներգիայի սակագինը բարձրացնելու համար:

Որպես այդպիսիք՝ բանախոսը նշեց Հրազդանի  երկու էլեկտրաբլոկները, Բարձրավոլտ էլեկտրացանցը և մի քանի այլ կազմակերպություններ:

Վերջիններս սակագնի կրկնակի բարձրացման հայտ են ներկայացրել. «Վերջին 4 ամսում էլեկտրաէներգիայի  սպառումը նվազել է 8 %-ով։ Վերջին երեք տարվա փորձը ցույց է տալիս, որ ինչքան սակագինը բարձրանում է, այնքան հենց ընկերության ֆինանսական վիճակն է վատանում, որովհետև մարդիկ չեն կարողանում այդքան գումար վճարել և չեն սպառում էլէներգիա, ուստի՝ որքան սակագինը թանկանա, այնքան էլցանցերը ևս վնաս են կրելու»,-նշեց բանախոսը:

Վերջինս հավելեց, որ այս կազմակերպությունները նպատակ ունեն բարձրացնել աշխատակիցների միջին աշխատավարձը, որն, ըստ բանախոսի, դժվար թե հաջողվի անել ազգաբնակչության հաշվին: Տնտեսագետն ընդգծեց նաև, որ էլցանցերի ներդրումները 50 %-ով, իսկ տրանսֆերտները  40 %-ով նվազել են, իսկ քաղաքացիները գնողունակ չեն, ուստի  չեն կարող վճարել սակագնի թանկացման համար:

«Վերջին 4 ամսում էլեկտրաէներգիայի  սպառումը նվազել է 8 %-ով: Սա երկու պատճառ կարող է ունենալ. մեկը այն է, որ մարդիկ են պակասել, մյուսը այն, որ նրանք հրաժարվում են սպառել էլէներգիա: Ստացվում էˋ սակագնի բարձրացումը երկու բան է առաջարկումˋ կամ հեռանալ երկրից կամ էլ ապրել այստեղ, բայց սակավ օգտագործել էլէներգիա»,-եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել