Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատանը կազմակերպվել է «Հայաստանի և Ադրբեջանի այլընտրանքային պատմությունը» վերտառությամբ ֆիլմի ցուցադրությունը, որի հեղինակը Ի.Ալիևի աշխատակազմի աշխատակից, քաղաքագետ Ֆուադ Ախունդովն է: Ֆիլմի նկարահանումն իրականացվել է Կովկասի պատմության, Ազեր-Գլոբ ինստիտուտների և ադրբեջանական ATV հեռուստաընկերության հետ համատեղ, ինչը խոսում է այն մասին, որ պետական բարձր հովանավորությամբ իրականացված այս «ծրագիրը» ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական պետական քարոզչամեքենայի կողմից իրականացվող հերթական հակահայկական նախաձեռնությունը:
Ի դեպ, ադրբեջանցիները հույս ունեն այդ ֆիլմը ներկայացնել միջազգային հանրության դատին ու հավատում են՝ Օսկար էլ կշահեն:
Իրականությունը, սակայն, այն է, որ փողի առատությունից մոլորված Ալիևն ամբաղ-զամբաղ բաներ է անում, իսկ իր աշխատողները ջանքեր չեն խնայում՝ շեֆին իրենց մտքի «փայլատակումները» ցուցադրելու համար և իհարկե այդ ամենի դիմաց ստանալով խոշոր վարձատրություն: Բայց խնդիրն այն է, որ վախի կամ անճարության պատճառով մեկը չկա, որ ասի, թե այդ ամենը հակառակ էֆեկտն է տալիս՝ կրկին ու կրկին խայտառակության հասցնելով ադրբեջանցիներին:
Ֆիլմի հեղինակի «խելացի» կարծիքի համաձայն՝ «1918թ.-ին Ադրբեջանը, Արևմտյան գերտերությունների, Ռսւսաստանի և ԱՄՆ-ի ճնշման ներքո, ստիպված եղավ մայրաքաղաք չունեցող Արարատյան Հանրապետությանը նվիրել ադրբեջանական Իրևանը և մյուս ադրբեջանական տարածքները»: Նշված գյուտարարի մյուս մտքի գոհարներին ավելորդ է անդրադառնալ:
Ինչևէ, ցավով պետք է փաստենք, որ Ադրբեջանը շարունակում է զբաղվել պատմություն կեղծելով: Ուստի այս դեպքում «լավագույն» ավանդույթները շարունակվում են: