Ինչպես հավանաբար տեղյակ եք, երեք հայտարարվեց նոր ընդդիմադիր կուսակցության ստեղծման մասին՝ «Քաղաքացիական պայմանագրի», որը, կարելի է ասել, նույնականացվում է Նիկոլ Փաշինյանի անվան հետ։
Բնականաբար, հիմնադրման առնչությամբ ասված ճառերը բավականին պաթոսային են ու ամպագոռգոռ խոստումներով հոգեցած, բայց այսքանով հանդերձ՝ մի քանի թարմ ու ակտուալ շեշտադրումներ էլ կան։ Մասնավորապես ինձ դուր եկավ, որ Փաշինյանը հատուկ շեշտել է, որ այս նոր քաղաքական միավորում արվել է հնարավորը՝ սուպերլիդերության ինստիտուտից ձերբազատվելու համար, ինչը նշանակում է, որ մարդիկ չեն ուզում ներկայանալ հերթական ազգային Մեսիայով, այլ ուզում են ներկայանալ թիմով։
Ինչևէ, թեև կասկածում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ինչ-որ բեկումնային հաջողություններ ունենալ առաջին տարիներին ու 20 տարում կրկնապատկել ազգաբնակչության թիվը, ինչպես իրենք են նշել իրենց ծրագրում, սակայն մի բան արդեն ակնհայտ է. այս կուսակցության՝ ասպարեզ գալը միևնույն ժամանակ նշանակում է ՀԱԿ-ի կարապի երգ, որովհետև բացի նրանից, որ ի դեմս Փաշինյանի՝ ՀԱԿ-ը զրկվել է իր ամենախարիզմատիկ ու բարձր վարկանիշով պատգամավորից, դեռ մի բան էլ ձեռք է բերել մրցակից՝ ի դեմս նույն Փաշինյանի ու նրա թիմի։
Հաշվի առնելով այն անփառունակ քաղաքական գործարքները, որին գնաց Կոնգրեսը խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև արդեն նավթալինի հոտով հռետորաբանությունը, որը չի փոխվել վերջին 7 տարիների ընթացքում, պարզ է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր ընտրազանգվածը ձեռք է բերելու առաջին հերթին հենց ՀԱԿ-ի ընտրազանգվածի հաշվին, ու մեծ հավանականությամբ սա նշանակում է, որ հաջորդ գումարման ԱԺ-ում ՀԱԿ-ն ընդհանրապես չի լինի՝ զիջելով իր տեղը ՔՊ-ին, և հնարավոր է նույնիսկ, որ Քաղաքացիական պայմանագիրը դառնա ընդդիմադիր ամենախոշոր խմբակցությունն արդեն հաջորդ ընտրություններին։