Օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այսուհետ պաշտոնյաների գործուղումները պետք է լինեն արդարացված ու նպատակային, և պետք է տնտեսել անիմաստ գործուղումների վրա՝ տարբերակելով կարևորը, որը բաց թողնել պետք չէ, և անկարևորը, որից էլ հարկ է հրաժարվել:
Վարչապետի այս հանձնարարականը բավականին դրական ընդունվեց, քանի որ բյուջեի կատարողականների քննարկումների ժամանակ ի հայտ են գալիս այնպիսի շռայլ շրջագայություններ-գործուղումների մասին մանրամասներ, որոնք հարցականներ են առաջ քաշում. եթե այդպիսի գումարներ կան բյուջեում, ապա ինչո՞ւ չեն լուծվում այս կամ այն խնդիրները, որպեսզի կառավարության որոշ անդամներ լինեն էկզոտիկ երկրներում կամ ավելորդ անգամ այցելեն Եվրոպա:
Բայց մենք ապրում ենք Հայաստանում, և ցանկացած երևույթ, անգամ եթե այն ակնհայտ օգտակար է ու հեռանկարում բարեփոխիչ դերակատարում է ունենալու (շռայլ ու անարդյունավետ գործուղումների խնդիրն արդիական է նաև Ազգային ժողովում, և որոշ պատգամավորներ հույս հայտնեցին, որ կաբինետին իջեցված հանձնարարականը կհասնի նաև իրենց), ունենում է նաև ընդդիմախոսներ:
Կառավարության նիստից երկու օր անց վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնեց Ղազախստանի Հանրապետություն, որտեղ նախօրեին մասնակցեց ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:
Կարևո՞ր գործուղում, միանշանակ այո՝ հաշվի առնելով թե՛ անցկացվելիք միջոցառումների կարևորությունը և ոչ թե ժամանցային ծրագրով հագեցած այցելություն, թե՛ այն հանգամանքը, որ Հայաստանը և՛ ԱՊՀ անդամ է, և՛ առավել ևս ԵԱՏՄ անդամ: Այլ կերպ ասած՝ այստեղ ոչ այնքան կարևորն անկարևորից տարբերելու խնդիրն է առաջ քաշվել, թեև դժվար որևէ մեկը գտնվի, որ հայտարարի, թե այս այցը կարևոր չէ, և կարելի էր այն բաց թողնել, այլ նաև խոսքը որոշակի պարտավորությունների մասին է, քանզի անդամակցությունն իր կանոններն է թելադրում:
Բայց, կրկնվենք, առաջնայինն այստեղ այն հանգամանքն է, որ այցելությունն իսկապես կարևոր է, ու դժվար է պնդել հակառակը: Մինչդեռ գտնվեցին անհատներ, որոնք հայտարարեցին, թե վարչապետը խնայողություն է պահանջում, սակայն ուրիշների հաշվին, իսկ ինքը շարունակում է գործուղումների մեկնել:
Այս իրավիճակը ևս մեկ անգամ ցուցադրում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում, ինչպես նաև մյուս բոլոր ոլորտներում, ունենք մի մեծագույն խնդիր՝ առաջնայինը երկրորդայինից տարբերելու ունակություն, որը հավասարվում է զրոյի, երբ սեփական շահերն ու չհիմնավորված ամբիցիաներն են գլուխ բարձրացնում: Այսինքն՝ այն ժամանակ, երբ դու խնդիր ես լուծում հաճոյանալու դժգոհ հասարակությանը, թե քննադատում ես իշխանություններին, այլևս չես տարբերում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, իսկ որի մասին առհասարակ հարկ է լռել, եթե ոչ՝ ողջունել: Իսկ այս ճանապարհը տանում է փակուղի…