Ժամանակն է ճշմարտությունն ասել բաց տեքստով, որովհետև «ռետինե խողովակի» կարգավիճակով ապրելը դառնում է այլևս վտանգավոր սովորույթ, համազգային չարիք: Այսօր, հայրենիքից մինչև Սփյուռք՝ իշխանությունները, նրանց տեղական և սփյուռքյան մանկլավիկները, վերից վար բոլոր սպասարկուները, մեծ ու փոքր եղջերավորներն ամեն բան անում են պահպանելու իրենց ստատուս քվոն, այսինքն՝ այն, ինչն ունեն, ինչը «նվաճել» են տարիների ընթացքում: Սա, իհարկե, շատ բնական է և բնավ ոչ ոքի մոտ հատուկ զարմանք չի առաջացնում: Սակայն շատ զարմանալի է, իսկ գուցե նույնիսկ ոմանց մտքով անգամ չի էլ անցել, որ իրենց ունեցած ստատուս քվոյի պահպանմամբ են զբաղված նաև շատ շատերը, որոնք, թվում էր, թե պետք է շահագրգռված լինեին այս ողորմելի վիճակի փոփոխությամբ:
Պարզվում է, որ այդպես միայն տրամաբանությունն է հուշում, իսկ իրականում բոլոր նրանք, ովքեր աշխատանք ունեն, մի բան «կպցրել» ու թեկուզ մի կերպ պահում են գլուխները, էլ չխոսենք նրանց մասին մասին, ովքեր զբաղված են անձնական կարիերայի բարգավաճմամբ, այնքան էլ իրենց չեն պատռում երկիրը ստրկապետության ճիրաններից ազատագրելու համար: Նրանք ինքնաբերաբար, ակամայից, առանց դրան անդրադառնալու, դողում են չարաբաստիկ «ստատուս քվոյի» պահպանման վրա: Ստացվում է այնպես, որ մարդիկ իրենց ունեցածը կորցնելու վախից իրավիճակի փոփոխության որևէ քայլ չեն ձեռնարկում, իսկ ամենասարսափելին այն է, որ այս հարցում շահագրգռված են միայն աղքատները, ռեժիմի օրոք կարիերայի հետևից չընկած, այլ ռեժիմի դեմ պայքարած «միամիտները»:
Ապա մի եկեք առանց քաշվելու, առանց ճշմարտությունից վախենալու՝ հաշվենք ու տեսնենք, թե 10 մլն. հայության քանի՞ տոկոսն են կազմում վերջիններս: Պատկերը շատ ավելի տխուր է, քան մենք պատկերացնում ենք...
Հ.Գ. Վայ այն ժողովրդին, որին իր երկրի, զավակների ապագան ավելի քիչ է հետաքրքրում, քան օրվա փախցրած հացը: Հարամ լինի այդ հացը...