Բանակում 19 տարեկան զինվոր է մահացել... քաղցկեղից... Սա աբսուրդ է, որը վկայում է, որ դեռ շա՜տ բան կա անելու, հատկապես զորակոչով ու նորակոչիկների բուժհետազոտությամբ զբաղվող հատվածում։ Քաղցկեղը թոքաբորբ չէ, թոքախտ չէ, ինչ-որ վարակ չէ, որ ասես անսպասելիորեն ծագեց, ու չկարողացան զինվորին փրկել։
Մահացածի քեռին պնդում է, որ ինչ-որ բժշկական եզրակացություն է եղել, որտեղ նշված է եղել, որ տղան պիտանի չէ ծառայության համար, բայց նրան տարել են, ու 4-5 համիս հետո տղան մահացել է... Ես ոչ մի գնահատական չեմ կարող տալ քեռու ասածին, որովհետև դա կարող է զուտ ասեկոսե լինել, բայց կարող է և չլինել։ Ամեն դեպքում, եթե իրոք նման բժշկական եզրակացուցություն է եղել, ու դա անտեսվել է, ապա դա մաքուր քրեական գործ է, որի համար պատասխանատվության են ենթարկվելու։
Ամեն դեպքում թող այդ եզրակացության լինել-չլինելու փաստը պարզեն իրավապահները։ Եթե անգամ չի եղել ոչ մի նման եզրակացություն, դա ոչ մի կերպ չի մեղմում բանակի մեղքը։ Հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս են ստուգում զորակոչիկների առողջականը, որ չեն կարողանում մոտները մահացու հիվանդություն հայտնաբերել։ Հո անասունի գլխաքանակի հետ չե՞ք աշխատում, մարդիկ են, մատղաշ տղերք, ովքեր առանց այն էլ սակավացած ազգի գենոֆոնդն են։
Ում ասես ազատում են, իսկ կոնկրետ ազատման ենթակա մարդկանց տանում են բանակ։ Հասկացանք, ինչ-որ բաներ արվել են, բայց դա ոչ թե բերել է նրան, որ էլ պիտանիներին փողով չեն ազատում, այլ նրան, որ եթե առաջ կարելի էր ազատվել 7000 դոլարով, ապա հիմա ազատում են 20000 դոլարով, իսկ որոշ ստրկամիտներ էլ հարցին մոտենում են պլան կատարելու տեսակետից և որպեսզի թիվ ցույց տան, զորակոչում են այնպիսի մարդկանց, ում առնվազն տարեկետում պետք է տային։ Էսպես չի լինի։
Անկախ նրանից, թե ինչ կպարզի քննությունը, կարծում եմ, որ էս գործով պետք է պատժվողներ լինեն։ Միակ տարբերակը, որը կարող է առանց պատժվողների լինել, այն է, որ զինվորի մոտ քաղցկեղը ծագել է արդեն բանակում, ինչը շատ քիչ հավանական է, որովհետև խի՜ստ հազվադեպ է լինում, որ լրիվ առողջ ու երիտասարդ օրգանիզմում քաղցկեղ առաջանա ու սպանի նրանը ընդամենը 4-5 ամսում։