Կարելի է ենթադրել, իհարկե, որ էլեկտրաէներգիայի սակագինը, չնայած «Հայաստանի էլեկտրացանցեր» (ՀԷՑ) ընկերության հայտին, չբարձրանա: Կամ, ասենք, այնքան չբարձրանա, որքան ակնկալում է ՀԷՑ-ն իր ներկայացրած հայտով: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի հայտային ակնկալիքը գործող սակագները 1կՎտ/ժամի հաշվարկով 17 դրամով թանկացնելն է:
Հասկանալի է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ է վերանայվելու էլեկտրաէներգիայի սակագինը: Ու ամենևին չի բացառվում, որ հանձնաժողովը որոշի, օրինակ, 4 կամ 5 դրամով թանկացնել:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ լրագրողների հետ զրույցի ընթացքում նման ակնարկ, որ էլեկտրաէներգիան կարող է և 17 դրամով չթանկանա, արել է: «Բոլոր դեպքերում սակագնի բարձրացումը ոչ մեկին հաճելի չէ,- ասել է նախարարն ու հավելել:- Կան իրավիճակներ, որոնցից ելնելով՝ ստիպված ես լինում ինչ-որ աշխատանքի ու ինչ-որ հարցերի լուծում տալ: Այդ հարցերից մեկը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է:
Հասկանալի է, որ կան դժգոհություններ, բարձրացումը անհանգստացնում է քաղաքացիներին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված հայտերի մասով ուսումնասիրություններ են կատարվում: Մեկ շաբաթից կամ տասը օրից հանձնաժողովը սակագնի վերաբերյալ հստակ հայտարարություն կանի»:
Ինչ վերաբերում է ՀԷՑ ներկայացրած հայտին, էներգետիկայի նախարարը մասնավորապես նկատել է. «Ծախսերը կատարվել են ընկերության շահույթի հաշվին, չեմ կարծում, որ այդ ուսումնասիրությունների արդյունքները հանձնաժողովն անհետևանք կթողնի ու կներառի սակագնի մեջ: Կարծում եմ՝ չեն ներառի: Չեմ կարծում, որ 17 դրամով կթանկանա»:
Նախարարին լրագրողները դիմել են նաև ՀԷՑ-ի ազգայնացման հնարավորության վերաբերյալ հարցով, ինչին Երվանդ Զախարյանը պատասխանել է. «Այս պահին նման քննարկումներ չկան: Կան վաճառքի հետ կապված հարցեր, դա էլ արդեն ընկերության գործն է»:
Թեև սակագինը որոշողը ՀԾԿՀ-ն է, միևնույն է, անհնար է շրջանցել էներգետիկ համակարգին քաջատեղյակ Երվանդ Զախարյանի տեսակետը: Եվ եթե նախարարը նշում է, թե չի կարծում, որ սակագինը 17 դրամով կթանկանա, ինքնին հասկանալի է, տեսնում է այն հնարավորություններն ու հիմքերը, որոնք նման կարծիքի տեղիք են տալիս:
Մյուս կողմից հարկ է նշել, որ էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ այս զարգացումները տեղի են ունենում հանրային լուրջ և հրապարակավ դրսևորվող դժգոհության խորապատկերում: Ըստ որում՝ մայիսի 27-ի բողոքի ակցիան պարզորոշ ցույց տվեց թե՛ կազմակերպիչներին, թե՛ այդ ամենին պարզապես կողքից հետևողներին, որ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված հանրային դժգոհության ավելի կազմակերպված դրսևորման մեծ ներուժ ու հնարավորություն կա:
Մի պահ ենթադրենք, որ մանրակրկիտ փորձագիտական վերլուծության ու հաշվարկների վրա հիմնվելով, ինչպես նաև հանրային ճնշման ներքո, ՀԾԿՀ-ն որոշում է սակագինը, օրինակ, թողնել անփոփոխ: Եվ ի՞նչ, բոլորը գոհ կլինեն, ուրախ և երջանի՞կ: Կամ, ասենք, որոշում է 6 դրամով բարձրացնել սակագինը: Գուցե բոլորը ավելի ուրախ ու գոհ չլինեն, քան՝ անփոփոխ մնալու դեպքում, բայց էլի դա կնշվի որպես որոշակի ձեռքբերում և այլն, և այդպես շարունակ:
Մինչդեռ արդեն իսկ կան բազմաթիվ հարցեր, որոնք սպասում են պատասխանի: Եվ այդ հարցերն ու դրանց պատասխանները հրատապ կլինեն սակագնի հետ կապված ցանկացած ելքի պարագայում:
Հարցերից առաջինն այն է, թե մեզ, առհասարակ, պե՞տք է այդպիսի կառավարիչ, ինչպիսին հիմա է: Նկատենք, որ ոչ թե սոսկ ընդդիմադիրները կամ առանձին փորձագետներ են խոսում «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության անձեռնահաս կառավարման կամ վատ մենեջմենթի մասին, այլ նաև ոլորտի քաջատեղյակ պետական պաշտոնյաներն են նման գնահատականներ տալիս: Այնպես որ եթե այս անգամ սակագինը չփոխվի կամ նույնիսկ փոքր չափով բարձրանա, դա չի երաշխավորում, որ մի կարճ ժամանակ անց նորից նույն վիճակը չի ծագելու:
Ու ամենևին պատահական չեն ընկերության ազգայնացման մասին խոսակցությունները: Իսկապես, մեր ինչի՞ն է պետք նման կառավարիչը, այն էլ՝ այս ռազմավարական ոլորտում: Մեզ պե՞տք է մի կառավարիչ, որը շարունակ ինչ-որ անընկալելի կորուստներ է արձանագրում և ինչ-որ առասպելական պարտքեր կուտակում:
Առավել ևս մի պարագայում, երբ ՀԷՑ-ի ղեկավար օտարերկրացիներն առաջին հերթին շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաներով շրջելու մասին են մտածում, լեն ու բոլ ապրուստի և հետո մնացյալի, եթե, իհարկե, մնացյալի համար տեղ է մնում:
Չէ, իսկապես հատաքրքիր է, թե ինչի՞ համար է ՀԷՑ-ը գումարներ ծախսում: Վերջին շրջանում, որքան հասցրել եմ թեթևակի դիտարկել մեր ու հարևան բազմաբնակարան շենքերում, որքան հարցրել եմ ամենատարբեր մարդկանց, էլեկտրաէներգիայի վահանակները («շիտոկ») կամ հաղորդալարերը չեն նորացվել, չեն արդիականացվել: Նմանապես՝ սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարման որակն էլ մի առանձնապես չի բարելավվել: Այն ինչպես նախկինում «թրթռում էր», այդպես էլ շարունակում է «թրթռալ»: Այնինչ հենց այդ ուղղություններով ծախսերը կամ ներդրումները միայն կարող էին արդարացված համարվել:
ՀԷՑ-ը, հատկապես վերջին տարիներին, «մասնագիտացել» է գերազանցապես սակագնի վերանայման հարցում: Հենց մի թեթև տատանում է լինում, առաջին բանը, ինչ նրանց մտքով անցնում է, մարդկանց գրպանին հարվածելն է:
Ուրեմն էլեկտրացանցերը, որ պետական սեփականություն էին, իմաստ ունե՞ր վաճառել օտարներին, եթե ոչ մի բան չէր բարելավվելու: Գլուխը քարը, մերոնք մի կերպ կկառավարեին, կայուն եկամուտն էլ գոնե պետությանը կգնար, այլ ոչ թե օտարներին, որոնց արդեն ավելի ու ավելի շատերն են բնորոշում որպես «խոպանչիներ»՝ այդ բառի ամենավատ իմաստով:
Եվ ի՞նչն է հետաքրքիր. այս օրերին ով ասես արտահայտվում է ՀԷՑ-ի ներկայացրած հայտի, դրա հիմնավորված չլինելու, սակագների, ընկերության կուտակած կորուստների, պարտքերի մասին: Ով ասես, միայն ոչ ՀԷՑ-ի ներկայացուցիչները: Հետաքրքիր է, նրանց մտքով անցնո՞ւմ է, որ իրենք ոչ թե կամ ոչ այնքան ՀԾԿՀ-ին համոզելու խնդիր ունեն, որքան հանրությանը բացատրություններ տալու անհրաժեշտություն:
Ի վերջո, այդ ամբողջ համակարգի, ներառյալ ՀԷՑ-ի գոյության հենքը հենց սպառողներն են, այսինքն՝ հանրությունը, մենք, բոլորս, ովքեր էլեկտրաէներգիա են սպառում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/849874118420343?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել