Թե ով է Խաչատուր Սուքիասյանը և ինչպիսի հանրային ընդունելություն ունի՝ բացատրել պետք չէ: 1990-ականների թալանի ժամանակ նա դարձավ երևանյան բոլոր խոսակցությունների կենտրոնը, նրա կայծակնային հարստացման փաստն արտացոլեց այն իրավիճակը, որը տիրապետող եղավ երկրում: Ինչքան կարելի է՝ շատ թռցնել, շատ տանել, օգտվելով մարդկանց անօգնական վիճակից, ռուբլու արժեզրկումից, շրջանառության մեջ դրված վաուչերների գնանկումից՝ դառնալ օրվա հերոս, մեծ հարստությունների տեր հռչակվել՝ ահա այն «փիլիսոփայությունը», որով առաջնորդվեց իշխանությունների ձեռքով բուծված օլիգարխը: Գռզո անունն ասոցացվեց մերօրյա կապիտալիստ հասկացությանը, երբ կարելի էր ոչ թե տասնամյակների ջանքով, այլ ընդամնեը մի քանի օրվա ընթացքում տեր դառնալ Երևանի «ամենայուղոտ պատառներին»: Հարստության կողքին նաև պատգամավորական մանդատ, ինչն էլ ապահովեց նրա անձեռնմխելիությունը: Ու եթե չլինեին 2008-ի իրադարձությունները, Գռզոն շարունակելու էր անձեռնմխելի մնալ, անպարտ մնալ: Բայց խորհրդարանը փոխարինեց երկրից փախուստով, որովհետև նմանները չեն սիրում օրենքի առջև կանգնել, նրանց քաջության աստիճանը մինչև երկրի սահմանն է, որից անդին արդեն օրենքից փախչողի կարգավիճակն է…
Ժամանակ հետո էլ վերադառնալով և յուրովի լուծելով իր հարցերը՝ Գռզոն ճիգ ու ջանք չթափեց իշխանությունների հետ իր կապերը վերականգնելու, եթե, իհարկե, այդ կապերը խզվել էին, ու հիմա էլ էկոնոմիկայի նախարարի կամ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու համար: Այսինքն, այս մարդը չի կարող լինել շարքային գործարար կամ միայն ու միայն սեփական շահերի համար օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող պատգամավոր, որն իր ներկրումների համար կարող էր «հարցեր լուծել», օրենքներ ընդունել տալ; Հիմա արդեն նախարարական կամ փոխվարչապետական արտոնություններ էին պետք: Երևի իր «տեսլականները» հանգիստ չէին տալիս, ուստի որոշեց, որ կարող է նորից վերադարձ ապրել դեպի ամենաթողությունը, դեպի բռունցքները՝ դրանց միջոցով ցույց տալով իր ուժը: Եվ օրերս էլ հերթական միջադեպն է գրանցվել Գռզոյի թիկնապահների մասնակցությամբ: Մեր տեղեկություններով, Խաչատուր Սուքիասյանի` Գռզոյի «ախրաննիկները» ծեծի են ենթարկել մի երիտասարդի: Նրանք կանգնեցրել են վերջինիս մեքենան այն բանի համար, որ այդ երիտասարդը հանդգնել է իր մեքենայով «կտրել» նորին մեծություն Գռզոյի Գռզոյի ավտոմեքենայի դիմացը… Հափռգած ու թևավորված «ախրաննիկները» երիտասարդին դուրս են բերել մեքենայից և մի քանի հոգով հարձակվելով նրա վրա՝ ծեծի ենթարկել: Բա… Ո՜նց թե հանդգնես «ինտելեկտուալ» դեմքով, իմաստության պատրանք ստեղծելու համար ակնոցներ կրող, բայց իր հոգով ու էությամբ միկիտան Սաքո մնացած «շեֆի» ճանապարհին հայտնվել… Ականատեսների վկայությամբ՝ երիտասարդը մենակ չի եղել, նրա հետ մեքենայի մեջ է եղել վերջինիս ընկերուհին: Գռզոյի հաստավզերը տղային ծեծի ենթարկելուց հետո նստել են մեքենաներն ու հեռացել: Հիշեցնենք, որ բազմաթիվ օլիգարխների ու պատգամավորների թիկնապահներն արդեն անցել են նման ձևով ինքնահաստատման փուլը: Բայց Գռզոյի ու նրա ենթակայության տակ աշխատող թիկնապահների համար նոր է սկսվում ինքնահաստատման շրջանը: Գռզոյի դեպքում այն չի էլ ավարտվելու, բայց հարցը սա չէ:
Խնդիրն այն է, որ Գռզոն ու նրա թիկնապահներն իրենց հանրության առաջ տարիներ շարունակ ներկայացրել են հրեշտակի իմիջով, մինչդեռ նրանք ոչնչով չեն տարբերվում այն մարդկանցից ու նրանց թիկնապահներից, որոնց անուններն ուղղակի զզվանք են առաջացնում ՀՀ քաղաքացիների շրջանում: Տեղի ունեցածի մեջ քաղաքական ենթաշերտ էլ կա: Ինչպես արդեն նշեցինք, Գռզոն մի ժամանակ փախած էր Հայաստանից, քանի որ, վարչապետ դառնալու ամբիցիաներից դրդրված, կանգնել էր ՀՀ առաջին նախագահի ու նրա առաջնորդած շարժման կողքին: Գռզոն հետ եկավ Հայաստան` արդեն կքանստած վիճակում: Սա մի դիրք է, որն ընդունում են այն մարդիկ, որոնց արժեքային համակարգն ինչ-ինչ իրադարձությունների արդյունքում դեֆորմացվում է: Հիմա ստացվում է, որ Գռզոն այնքան է «աճել» ու «բարգավաճել», որ կարող է իր ախռանիկների մասնակցությամբ ծեծի տեսարաններ բեմադրել Երևանում, դրանք հանգիտս մարսել ու հորթային հրճվանքով այդ մասին պատմել տարբեր սրճարաններում:
Ի դեպ, տեղի ունեցածը ոչ միայն իրավական ու քաղաքական տեսակետից է վտանգավոր, քանի որ նորից ու նորից բախվում ենք ամենաթողությանը, այլ առկա է մեկ այլ «նրբագիծ», որը վերաճում է վտանգավոր հոգեբանության: Գռզոն ու նրա թիկնազորն ուզում են տպավորություն ստեղծել, թե իրենք էլ են արդեն գծի մեջ, իրենք էլ համալրել են «բիրդան աղաների» բանակը, իրենք էլ կարող են ծեծել ու նվաստացնել խեղճերին ու հանգիստ ֆռֆռալ Երևանում: Այսպես սովորաբար վարվում են միայն ամեն ինչ կորցրած ու կոմպլեքսավորված «պռաշլյագները», որոնք ջրի երեսին մնալու համար սկսում են դիմել ամեն ինչի, միայն թե իրենց մասին հանկարծ չմոռանան, միայն թե հաղթահարեն «հանրությունից դուրս դրվածի» բարդույթը: Կամ էլ վերադարձ ապրեն դեպի այն վայրի բարքերը, որոնք արմատավորվեցին 1990-ականներին և որոնց համար իրենց ներում էին, որովհետև սերտաճած իշխանությունների հետ թալանում էին գռփում, հարստահարում՝ անգամ իրենցը դարձնելով ազգային ճարտարապետական արժեքները: Միայն ազգային հպարտությունից ու արժանապատվությունից զուրկ մարդը կարող էր իր «հացընկեր» իշխանավորների թողտվությամբ տեր դառնալ «Այրարատ» կինոթատրոնին ու նրա միջոցով հարստություններ դիզել՝ այնտեղ աշխատող մարդկանցից «յոթը կաշի քերթելով»…
Ինչ վերաբերում է ծեծված երիտասարդին, ապա նրա մասին մենք տեղեկություններ չունենք ու չգիտենք, թե վերջինս ինչ վնասվածքներ է ստացել: Սպասե՞նք Գռզոյի ու նրա թիկնազորի նոր արկածներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել