ԱԺ-ում շարունակվում են 2014թ-ի բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները: Դրանք աչքի են ընկնում ընդդիմադիր պատգամավորների պասիվությամբ, նրանց մեջ չի նկատվում նախկին խանդավառությունը: Պատգամավորները կամ չեն մասնակցում քննարկումներին, կամ էլ իմիջիայլոց հարցեր են ուղղում, որոնք կարծես թե միայն հարց տալու համար լինեն:
Հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված նախկինում «քարը քարի վրա չթողնող» ընդդիմադիրների պասիվությունը, ինչպես նաև անտարբերությունը 2014թ-ի բյուջեի կատարողականին:
Միգուցե խնդիրը նրանում է, որ ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանում խուսափում են բովանդակային քննարկումների մեջ մտնել համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ, քանի որ բովանդակային քննարկումները, ըստ նրանց, կարող են հարցադրում կատարելիս «հաղթանակ չխոստանալ»:
Հնարավոր է` նրանց չի հետաքրքրում բյուջեի կատարողականը, և դա դուրս է իրենց հետաքրքրությունների շրջանակից:
Իրականում նրանց կողմից այսպիսի անտարբեր մոտեցումը երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող փաստաթղթին չի բխում մեր երկրի, ինչպես նաև հասարակության շահերից, քանի որ եթե բյուջեի կատարողականում առկա են թերացումներ, դրանք պետք է մատնանշվեն:
Այլ է իրավիճակը լրագրողների մոտ, նրանք հակադիր ծայրահեղության մեջ են և ավելի ծանրակշիռ ու փաստարկված հարցեր են ուղղում ոլորտների պատասխանատուներին՝ հաճախ անելով նաև ինտրիգային ձևակերպումներ:
ՀԳ. Մնում է վճարել լրագրողներին` ոչ իշխանական պատգամավորների ֆունկցիաներն իրենց վրա վերցնելու համար: