Բարև՜, խաղաղասե՛ր հասարակություն: Այսօր ուզում ենք խոսել մի հավերժական թեմայի շուրջ, որն իր առանձնահատուկ դրսևորումն է գտել մեր հասարակության մեջ: Խոսքը վերաբերում է «հայրեր-որդիներ» հակադրությանը, հարաբերություններին ու մեր վերաբերմունքին այդ հարցին… Եվ այսպես, արևմտյան հասարակությունը դեռևս նախորդ դարում արդեն անցավ ընտանեկան նոր մոդելի, երբ հասուն երեխաներն այլևս ազատ էին իրենց որոշումներում և կարող էին իրենց կյանքը դասավորել ինքնուրույն՝ հեռու ծնողներից: Ավելին, այժմ Եվրոպայում մեծամասամբ գրեթե անհնար է պատկերացնել նորաստեղծ ընտանիք, որ ծնողների հետ է ապրում:
«Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն» (Մատթ. 19:5)։
Սակայն մեզանում դեռևս իշխում է հակառակ տրամադրվածությունը: Մի կողմից կա հարցի սոցիալական կողմը, և շատ երիտասարդներ չեն կարող գոյատևել առանց կողմնակի օգնության, սակայն… Երբ երիտասարդը, երիտասարդ զույգը հայտնվում են նման իրավիճակում, երբ ինքնուրույն պիտի հոգան իրենց կարիքները, հասնեն այն նպատակներին, որ ունեն, դառնում են ավելի կոփված, ավելի լիարժեք ու կարող են դիմակայել ժամանակի մարտահրավերներին՝ թեկուզ երբեմն ցամաք հացով, երբեմն էլ դժվարին պայմաններում, բայց միևնույն է ինքնուրույն: Իսկ ո՞վ է ասել, որ ամեն ինչ պիտի հեշտ լինի, չէ՞ որ ազատությունն էլ գին ունի, և այն ավելի է արժևորվում, երբ այդ ճանապարհին հանդիպում ես արգելքների ու դժվարությունների: Եվ կամ, եթե ծնողները կարողացել են իրենց աշխատանքով ստեղծել իրենց ապրուստը, դաստիարակել ու մեծացնել երեխաներ, ապա ինչո՞ւ չպետք է հասուն երիտասարդը կարողանա: Ի վերջո, մեզանում ծնողները իրենց ողջ կյանքը նվիրում են երեխաներին, հետո՝ երեխաների երեխաներին՝ այսպիսով մոռանալով իրենց անձը, երբեմն էլ ակամայից խառնվելով երիտասարդների կյանքին՝ բերում են անցանկալի հետևանքներ:
Հարցը բավականին բազմակողմանի է ու խրթին. մի կողմից ամոթալի է դիտվում ծնողների «հաշվին» ապրող առողջ երիտասարդը, մյուս կողմից՝ հավաքական ապրելու ու գոյատևելու բնազդը՝ «գեղ կանգնի, գերան կկոտրի» կարգախոսով, բախվում են անձի, անհատականության ձևավորման ու կայացման խնդրին:
Առաջարկում ենք հիմնավորված ու կառուցողական քննարկում թեմայի շուրջ: Ի վերջո, որքան մարդ՝ այդքան կարծիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել