Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Gallup International Association հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացրեց նախագահական ընտրություններին ընդառաջ Հայաստանում Gallup International Association-ի անցկացրած հարցումների արդյունքները: Հիմնական հարցերը, որ տրվել են բնակչությանը, հետևյալն են` «Ինչպե՞ս եք գնահատում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը», «Ինչպե՞ս եք գնահատում կառավարության աշխատանքը», «Ինչպե՞ս եք գնահատում երկրի նախագահի աշխատանքը» և այլն:
«Ու՞մ կընտրեիք նախագահ, եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի» հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանին կընտրի հարցվածների 28 տոկոսը, Գագիկ Ծառուկյանին՝ 19 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանին՝ 11 տոկոսը:
Ընդհանուր առմամբ՝ հարցվածների 46 տոկոսը հավանություն են տալիս, իսկ 43 տոկոսը հավանություն չեն տալիս նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքին: 32 տոկոսի կարծիքով, ամենահեղինակավոր քաղաքական գործիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, իսկ 29 տոկոսի համար ամենահեղինակավորը Գագիկ Ծառուկյանն է:
Հաջորդ հարցին, թե եթե արտաքին վտանգի արդյունքում պատերազմական վիճակ ստեղծվի, ապա ո՞ւմ կապավինեք, 33 տոկոսը նշել է, որ կընտրի նախագահ Սերժ Սարգսյանին, 19 տոկոսը` Գագիկ Ծառուկյանին, իսկ «ոչ մեկին» պատասխանը տվել է հարցվածների 12 տոկոսը:
«Եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենային նախագահական ընտրություններ, ապա ո՞ւմ օգտին կտայիք ձեր ձայնը» հարցին հարցվածների 28 տոկոսը նշել է նախագահ Սերժ Սարգսյանի անունը, 19 տոկոսը կընտրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, իսկ 11 տոկոսը ձայնը կտար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին կքվեարկեր հարցվածների 4 տոկոսը, Վարդան Օսկանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ 3 տոկոսը:
Հարցին, թե Օսկանյանի հետ կապված գործը ի՞նչ է իրենից ներկայացնում և ո՞ր դաշտում է գտնվում, հարցվածների 10 տոկոսը գտնում է, որ այն իրավական դաշտում է, ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական խաղ է՝ 23 տոկոս, իսկ 43 տոկոսն ընդհանրապես չի պատկերացնում գործի էությունը:
Նշենք, որ հարցումներն իրականացվել են դեմ առ դեմ մեխանիզմով, հանրապետության ողջ տարածքում, հոկտեմբերի 9-20-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումն անցկացվել է պատահականության սկզբունքով, իսկ սխալների հավանականությունը կազմում է 3 տոկոս, հարցմանը մասնակցել է 1067 մարդ:
Աղբյուրը` REPLIK.am