Մայիսի 19-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գ.Կվիրիկաշվիլին և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարը մայրաքաղաք Թեհրանում վրաց-իրանական միջպետական հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակներում ստորագրել են փոխգործակցության հուշագիր: Կվիրիկաշվիլիի խոսքով՝ նշված փաստաթղթի ստորագրումը հնարավորություն կստեղծի զարգացնելու և խորացնելու Վրաստանի և Իրանի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, հիդրոէներգետիկայի, գյուղատնտեսության, տուրիզմի, կրթության, մշակույթի, ինչպես նաև ջրային ռեսուրսների օգտագործման բնագավառներում:
Իրանական կողմն իր հերթին պատրաստակամություն է հայտնել Վրաստանում ներդրումներ կատարելու՝ էլեկտրակայաններ և էլեկտրաէներգիայի հաղորդակցության ուղիներ կառուցելու հարցում:
Ի դեպ, Իրանը նպատակ ունի Վրաստանի և Իրանի էլեկտրահամակարգերը միմյանց կապել հայկական էլեկտրահաղորդակցման ուղիների միջոցով: Հայաստանի և Իրանի միջև բարձր լարման երկու հաղորդակցման գիծ է գործում, որը թույլ է տալիս նշված երկու երկրների միջև անխափան իրականացնել էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակում:
Հ.Գ. Վրաստանի միջոցով էլեկտրաէներգիայի արտահանման մասին Իրանը խոսել է դեռ 2013թ.-ին: Թեհրանն այժմ կարծես փորձում է կյանքի կոչել նախանշված ծրագրերը: Վերոնշյալն անխոս դրական դեր կարող է խաղալ նաև հայկական էներգետիկ համակարգի զարգացման և անվտանգության ապահովման հարցում: Իսկ եթե հավելենք, որ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությամբ նախատեսվում է իրագործել Իրանը Սև ծովի հետ համեմատաբար կարճ և արագընթաց ճանապարհով կապելու պլանը, ապա կարելի է կանխատեսել, որ հետագայում բավական դրական սպասելիքներ կարելի է ակնկալել Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից:
Հ.Գ. Եթե ստացվի այնպես, որ վերաբացվի նաև հատկապես բեռնափոխադրումների իրականացման համար ավելի էժան և հարմար համարվող աբխազական երկաթուղին, որը ևս հնարավոր կլինի շարունակել մինչև Իրան և ավելի հեռու, ապա այդ պարագայում ոչ մի անհատի կամ պետության չի հաջողվի կասեցնել մեր երկրի արագ և կայուն զարգացումը: