Անկաշառ լրագրողը ժողովրդի խիղճն է ու խոսափողը. այս միտքն աքսիոմատիկ, ես կասեի՝ նույնիսկ քրեստոմատիկ է նույնիսկ սովետական ժուռնալիստակայի համար: Մեր օրերում լրագրողի մասնագիտության ու առաքելության հետ թերևս կարելի է համեմատել, ասենք, լավ օրենսդրին, որին իրապես ընտրել է ժողովուրդն ու նրա միջոցով ակնկալում է իր ամենատարբեր խնդիրների բարձրաձայնում, հետևողական վերահսկում և կարգավորում: Անկարևոր խնդիրներ չեն լինում, որովհետև պետություն-հասարակություն օրգանիզմի առողջ ու անառողջ տրոփները պայմանավորված են բոլոր խնդրահարույց օրգանների նորմալ վիճակից, առողջացումից:

Եվ, ահա, պարզվում է, որոշ վայ լրագրողների դուր չի գալիս, երբ ազգընտիրները (հարցն անձնավորված չէ ոչ գործընկերներիս, ոչ նույն պատգամավորների դեպքում, մտահոգիչը երևույթն է) պարբերաբար հանդես են գալիս սոցիումի որևէ ներկայացուցչի շահերի և իրավունքների պաշտպանությամբ, ուշադրություն են հրավիրում, ասենք, ապարանցուն կամ վարդենիսցուն հուզող խնդրի վրա, կամ, ասենք, մատնանշում մայրաքաղաքային տնտեսության որևէ ոլորտին առչնվող պրոբլեմ: Եվ, պարզվում է, շաուրմայի պատկերով ու նմանությամբ և հոտով զանգվածների իներտությունը, «Птичка»-ի համար ԱԺ-ում բևեռափռված արգոների ներկայությունը գերադասելի է, ասենք, պիոներական ճշտապահությամբ օրենսդիր աշխատանքներին արդյունավետորեն մասնակցող պատգամավորների՞ց....

Չեն խոսում, դժգոհում ենք, թե չեն աշխատում, չեն գործում: Խոսեն, համազգային մունաթով պիտակում ենք, թե խոսում են... Ի դեպ, առկա են արժանահավատ չափման գործիքներ և համապատասխան վիճակագրություն, թե հայրենի խորհրդարանում ով ով է, ով տևաբար ինչով է զբաղված, օրենսդրական ինչ նախաձեռնություններ և այլ փաստարկներ կան, որից կարելի է արմատել օգտակար գործողությունների գործակիցը:

Այդուհանդերձ, հանուն արդարության, պետք է փաստել, որ նման Քառակուսի և տրաֆարետային լրագրողական դպրոց անցածները, մեկ է, չեն ուղղվելու, և նրանց համար ժուռնալիստիկան կոնտեքստից կտրված, վերնագրա-քլիքային շարադրանքն է: Նրանց հետաքրքիր է առանձինների առանձին «բլթոց»-ը, քան համատեղ ճշմարտությունը: Հասկցողաց բարև ՝ կասեր Սագօ Արեանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել