Երկու օր է, ինչ պարբերաբար հանդիպում են գրառումներ՝ Բաքվում բնակելի շենքի և 15 ադրբեջանցու մահվան պատճառ դարձած հրդեհի հետ կապված: Ասում են, որ հրդեհից մահացածների մեջ նաև երեխաներ են եղել: Մարդիկ կան՝ ուրախանում և հրճվում են, մարդիկ կան՝ ամեն դեպքում ցավ են արտահայտում, որ նման դժբախտություն է եղել: Հետո այդ մարդիկ ու բոլոր իմ հայրենակիցներն ու ազգակիցները սկսում են իրար ինչ ասես ասել...
Սուտի պոզաներ ընդունելը չեմ ընդունում: Մանավանդ նման դեպքերում, երբ խնդիրը հանգում է յուրաքանչյուրի մարդկային խղճին և մարդկային ընկալմանն ու համոզմունքներին: 
Ասել, թե ես անտարբեր եմ, երբ հարևան երկրում որևէ վատ բան է կատարվում, սուտ կլինի: Առավել ևս, որ այդ հարևան երկիր ասվածը հայատյացության մեջ ծփծփում է, այդ երկրի բնակիչ ադրբեջանական թուրքերը, իրենց մասսայի մեջ, վարակված ու արդեն խորը ստադիայում հիվանդ են հակահայկականությամբ, ու հարցն այն չէ, թե իրենք անմեղ են, իրենց ղեկավարներն են միայն մեղավոր: 
Հա, որ ադրբեջաններում մի վատ բան լինում է (նկատի ունեմ իրենց այսպես ասած «խաղաղ առօրյայում»), պատահում է, որ հոգու խորքում, չասեմ՝ ուրախության զգացում է լինում, բայց «վերևն Աստված կա»-ի կարգի մի զգացողություն լինում է: Ավելի պարզ, կոնկրետ թուրքերի ու որ ինձ համար նույնն է՝ ադրբեջանցի թուրքերի հանդեպ կարեկցանքի որևէ զգացողություն չունեմ բացարձակապես: Բայց: 
Ինչքան էլ թշնամին նամարդ լինի, մեկ է՝ հրդեհից երեխայի մեռնելու վրա ես չեմ կարող ուրախանալ կամ հրճվել: Իմ ընկալմամբ՝ դա ուրախանալու բան չէ: Դա իմ մարդկային նկարագրին ու հայության իմ պատկերացմանը խորթ է: Դա նաև իմ ուժն է ու տեսակային տարբերության առանձնահատկությունը: Դա այն հարցն է, որ ամեն մեկն ինքը պետք է որոշի, թե ինքը ո՛ր դիրքում է՝ ուրախանա՞լ, հրճվե՞լ, որ թշնամի երկրում հրդեհի, երկրաշարժի, վթարի հետևանքով զոհեր են եղել, թե՞ ոչ: Վերջին հաշվով յուրաքանչյուրի պահվածքն առաջին հերթին հենց իրեն է բնութագրում: 
Այ, իրենք՝ ադրբեջանցի թուրքերի խաժամուժը, մեկ անգամ չէ, որ մեր երկրում կատարված որևէ դժբախտ դեպք էսպես համատարած հրճվանքի առիթ են դարձրել: Հեչ որ այլ բան չլինի, 88-ի երկրաշարժից անմիջապես հետո ադրբեջանցիների շնորհավորական հեռագրերի պատմությունը հո շատերս գիտենք, չհաշված, օրինակ, գեներալ Լեբեդի գրավոր վկայությունը, թե ինչ հրճվախառն ոռնոց վայնասուն էր Բաքվում 88-ի դեկտեմբերի 7-ի երեկոյան...
Մարդիկ կան, գուցե կարծում են, որ պետք է նման հարցերում փոխադարձել, պետք է հարմար առիթի դեպքում ադրբեջանցիներին հիշեցնել իրենց նամարդությունը և այդպես շարունակ: 
Ես կարծում եմ, որ դա այն հարցն է, որտեղ հենց մենք՝ որպես հասարակություն ու նաև անհատապես, չպետք է ձգտենք նմանության: 
Ամենակարևորը. ինձ բացարձակապես անհասկանալի է սեփական համոզմունքն (ճիշտ, թե սխալ) այլոց պարտադրելու այն մղումը կամ դրսևորումը, որ տեսնում եմ: Էլ՝ «թուրքասեր» (այն մարդկանց հասցեին, որ, օրինակ, այդ բաքվեցի ադրբեջանցիների՝ հրո ճարակ դառնալն ուրախանալու մի եսիմ ինչ առիթ չեն համարում) կամ, ասենք, մեղադրական փոխադարձումներ, որակումներ: 
Ժողովուրդ, մենք ու մենք իրար հետ կիսելու բա՞ն ունենք: Եվ, եթե կարծում եք, որ պետք է հրճվել, որ թշնամի երկրում, ոչ ռազմական օբյեկտում, հրդեհի հետևանքով ոչ զինվորականներ են մահացել, հրճվեք: Բայց դրանից դեռ չի հետևում, որ չհրճվողները ձեզանից պակաս հայ են, ձեզանից պակաս հայրենասեր կամ ավելի վատ՝ «ազգի դավաճան» են, եսիմ ինչ: 

Այսքանը: 

Արմեն Հակոբյան

Հա, մի բան էլ. յուրաքանչյուր ազգի մեջ կան ինչպես սրիկաներ ու ստահակներ, այնպես էլ նորմալ, ադեկվատ մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել