ԲՀԿ-ական պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ առաջարկվում է հարկային արտոնություններ տրամադրել Երևանից 120 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներին:
Դրական թվացող առաջարկն իրականում անհեռանկարային է և շատ վտանգավոր: Փորձենք դիտարկել այն եկամուտների տեսանկյունից:
Իհարկե հարկային արտոնությունների սահմանումը ենթադրում է ներդրումային միջավայրի գրավչության բարձրացում, բայց, այնուամենայնիվ, այն պետք է լինի առավելագույնս հավասարակշռված, որպեսզի ակնկալվող արդյունքները գերազանցեն պետության կողմից կրած կորուստները: Այս դեպքում կորուստները կարող են աննախադեպ ավել լինել և գերազանցել ակնկալվելիք արդյունքը:
ԲՀԿ-ականների կողմից առաջարկվող չհարկվող դաշտն աննախադեպ մեծ է, և դրանց հետևանքով մենք կարող ենք զգալի կորուստներ ունենալ ՀՀ պետական բյուջեում: Տեղին չէ արտոնություններ սահմանել միայն արտոնություններ սահմանելու նպատակով:
Եթե նայենք այս հարցին քաղաքական տեսանկյունից, ապա հասկանալի է ԲՀԿ-ականների այս մոտեցումը: Իրենք էլ շատ լավ գիտեն, որ այս օրինագիծը չի կարող ընդունվել, սակայն օրենսդրական և տնտեսական նրբություններից անծանոթ մարդկանց մոտ կարող է դրական տպավորություն թողնել: Ակնհայտ է, որ սա հերթական պաթետիկ ժամանակավոր ակցիան է, որի ժամանակ այս կուսակցությունը ցանկանում է էժանագին դիվիդենտներ հավաքել: