Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պատմությունն ունի զարգացման երկու հավանական սցենար, բայց երկու դեպքում էլ գործ ունենք ՀԷՑ-ի և ՀԾԿՀ-ի կողմից իրականացվող ֆարսի ու կեղծիքի հետ։
Սցենար 1. Էլեկտրաէներգիան թանկացվում է, բայց ոչ 17 դրամով
Այս պարագայում ՀԷՑ-ն ու ՀԾԿՀ-ն կփորձեն խաղարկել «Լավ ու վատ ոստիկան» մանիպուլյացիոն հնարքը, երբ «չար» ՀԷՑ-ը կդիմի 17 դրամով թանկացնելու համար, իսկ «բարի» ՀԾԿՀ-ն, ականջալուր լինելով ժողովրդի ընդվզումներին, կասի, որ դա թալան է, ու ոչ մի պարագայում չեն թույլ տա այդպիսի գին։
«Տխրած» ՀԷՑ-ը կվերանայի իր հայտն ու նոր հայտով կդիմի, որտեղ կպահանջի էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնել, ասենք, 5-6 դրամով, ու ՀԾԿՀ-ն պարտադրված «փոխզիջման» կգնա, իսկ ժողովրդին այս ամենը կմատուցվի որպես փոքր հաղթանակ իր պայքարում։ Չէ՞ որ կարող էր ոչ թե 5-6 դրամով թանկանալ, այլ 17 դրամով... Ու շատերը կուլ կտան այդ խայծը՝ չհասկանալով, որ ՀԷՑ-ը նույն տրամաբանությամբ կարող էր դիմել 100 դրամով թանկացնելու համար էլ, քանի որ փաստացի ոչ մի ողջամիտ հիմնավորում գոյություն չունի այս թանկացման համար, իսկ հայտը դիտավորյալ այնպիսի հսկայական ծավալ ունի (1 գիգաբայթ վիրտուալ հիշողություն է զբաղեցնում ու մի քանի հազար էջ), որ մինչև ուսումնասիրես այդ ամենը, Քրիստոսի երկրորդ գալուստը վրա կհասնի։
Սցենար 2. ՀԾԿՀ-ն մերժում է ՀԷՑ-ի հայտը, ՀԷՑ-ը սնանկ է ճանաչվում
Սա էլ բավականին հավանական սցենար է, քանի որ չի բացառվում, որ այս ֆարսը կազմակերպվել է զուտ մի նպատակով. ՀԷՑ-ը լեգալ ձևով վաճառել շուկայականից ցածր գնով՝ պայմանով, որ գնորդը կստանձնի ՀԷՑ-ի կուտակած պարտքերի մարումը։ Ըստ անկախ փորձագիտական գնահատման՝ ՀԷՑ-ի արդարացի արժեքը կազմում է մոտ 160 միլիոն դոլար, գումարած դրան էլ՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտք կա կուտակված՝ հասկանալի չէ, թե որտեղից ու հանուն ինչի։
Ինչևիցե, հնարավոր է, որ հիմա սկսեն իրար հետ պասերով խաղալ, ՀԷՑ-ը սնանկ ճանաչել, վերցնել ռուսներից ու վաճառել այն «արդար» հայ գնորդին, ով հերոսաբար թույլ չի տա էլեկտրաէներգիայի թանկացում, ու ժողովուրդը հիացմունքից չի իմանա, թե ինչպես շնորհակալ լինի այդ հայրենասերից, որ մենք շարունակելու ենք հոսանքի համար վճարել ընդամենը ավելի շատ, քան, օրինակ, Մոսկվայում են վճարում։ Չէ՞ որ մեր ազգասերները փրկեցին մեզ նրանից, որ մենք չվճարենք ավելի շատ, քան, օրինակ, Լոնդոնում են վճարում...