Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բաթումի, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական բնագավառում գործում են ազատ առևտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային և օդային հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման և տնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք այլ համաձայնագրեր:
Հարևան երկրների տնտեսական համագործակցությունը հիմնականում ներառում է տարանցման և վրացական տարածքով դեպի Հայաստան և հակառակը ապրանքաշրջանառության, ինչպես նաև Վրաստանի տարածքով էներգառեսուրսների ներկրման հարցերը։
Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառության զգալի մասը իրականացվում է երկաթուղու մեկ ճյուղով և երկու հիմնական ավտոճանապարհներով՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերով: Գոյություն ունեն բարձրավոլտ մի քանի էլեկտրագծեր, որոնք միացնում են Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը։
Վրացական տարածքով է անցնում «Հյուսիս-Հարավ» գլխավոր գազատարը, որով Ռուսաստանից գազ է մատակարարվում Հայաստանին։ «Արտաքին աշխարհից» Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է գերազանցապես Փոթիի և Բաթումի նավահանգիստներով և թուրքական ավտոճանապարհով:
Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման կառուցվածքը ներառում է՝ լեռնարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական և թռչնաբուծական ապրանքներ, գյուղմթերք, սննդի արդյունաբերության արտադրանք: Վրաստանից Հայաստան ներմուծումը ներառում է՝ գյուղմթերք, ավտոմեքենաներ, հանքային ջրեր, քիմիական արտադրանք, դեղամիջոցներ: Վրաստանից Հայաստան ներմուծման կարևոր հոդվածներից է դարձել օգտագործված ավտոմեքենաների վերարտահանումը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2014թ. օգոստոսին հավանություն էր տվել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրին: Ըստ նախագծի՝ երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 305 կմ: Ծրագրի արժեքն է, ըստ նախնական հաշվարկների, 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի: Ըստ ներկայացված ծրագրի՝ շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016թ. և ավարտվել 2022թ.-ին: Հարավային երկաթուղին միացնելու է Գեղարքունիքի մարզի Գագարին կայարանը Սյունիքի մարզի Ագարակ բնակավայրին և նոր ելք է ապահովելու դեպի Իրան:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա երկրի հարավում ունենալ նոր ճանապարհ, որը կմիացնի հարավային ու հյուսիսային շրջանները: Այն նաև ունի ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրում ապահովող ճանապարհ: Սա կարևոր է Հայաստանի համար նաև ԵՏՄ-ԵՄ համագործակցության համապատկերում, քանի որ մեր երկիրը կարող է միջանկյան օղակ հանդիսանալ ԵՏՄ և ԵՄ անդամ երկրների ապրանքաշրջանառության հարցում: Հատկապես, որ Հայաստանը լինելով Եվրասիական միության անդամ երկիր, հետաքրքրված է նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքմանը:
Վրաստանը, ևս ընտրելով որպես զարգացման և համագործակցության հիմանկան ուղություն ԵՄ-ն, ցանկանում է միաժամանակ պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Երևանն ու Թբիլիսին այստեղ կարող են լինել դաշնակիցներ՝ միասին իրականացնելով ԵՏՄ-ՄՄ համագործակցությունը: Եվ Հայաստան-Վրաստան կապը կարող է նպաստել վրացական ցանկության իրականացմանը: Այստեղ է, որ Երևանը պետք է առաջ քաշի նաև Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային ծրագրերի առաջարկները:
Հայաստանը պահպանում է իր կարևորությունը Վրաստանի և Իրանի համար: Ենթադրվում է, որ հայկական կողմի միջոցով վրաց-իրանական տնտեսական կայուն փոխգործակցության երաշխիքները կյանքի կկոչվեն նաև՝ Հայաստանի միջոցով Մաքսային միության երկրների շուկա դուրս գալու անհամեմատ լայն հնարավորությունների ի հայտ գալով: Հայաստանը և Վրաստանը կարող են որոշակիորեն պահպանել հավասարակշռությունը ԵՄ և ՄՄ հետ փոխհարաբերություններում, ինչպես և վերածվել իրանական էներգակիրներն ու ապրանքները եվրոպական տարբեր երկրներ առաքող պետությունների: