2008թ-ին ՆԱՏՕ-ի Բուխարեստյան գագաթնաժողովին հստակ արձանագրվեց, որ Վրաստանը դառնալու է դաշինքի անդամ: Անցել է արդեն 7 տարի, սակայն մինչ օրս վրացական իշխանությունները ժամանակացույցի առումով չեն ստացել որևէ երաշխիք՝ անդամակցությունն իրականություն դառնալու հետ կապված: Ամեն անգամ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունն այս կամ այն պարզաբանմամբ, առաջարկով է հանդես գալիս՝ շարունակելով նորանոր պահանջներ ներկայացնել վրացական կողմին: Տպավորություն է ստեղծվում նաև, որ տվյալ կառույցի պատասխանատուները որոշ դեպքերում Վրաստանին ուղղված իրենց հայտարարություններում իրենք իսկ հերքում են սեփական խոսքերը՝ մեկ հայտարարելով, որ Վրաստանին անհրաժեշտ է գործողությունների պլան, ապա ներկայացնում, որ հնարավոր է դրա կարիքը չլինի և այլն:
Ուշագրավ է, որ պաշտոնական Թբիլիսին, լավ հասկանալով իրավիճակը, սկսել է հանդես գալ բավական կոշտ դիրքորոշումներով: Մասնավորապես երեկ Բուդապեշտում ընթացող խորհրդարանական վեհաժողովի նիստին բարձր ամբիոնից հանդես գալով՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դ. Ուսուպաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն այսօր արդեն իսկ պատրաստ է անդամագրվել դաշինքին, ինչպես և տեղի է ունեցել ժամանակին ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների պարագայում, և 2016թ.-ի Վարշավայի գագաթնաժողովին դաշինքը պետք է տրամադրի Վրաստանին անդամակցության գործողությունների պլան կամ հայտարարի, որ այն անհրաժեշտ չէ Վրաստանին՝ ուղղակի անդամակցության համար:
Վրացի պաշտոնյան, ըստ էության, ակնարկ է հղել ՆԱՏՕ-ին առ այն, որ նախորդ տարի Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովին նշված պլանի փոխարեն Վրաստանին տրամադրվեց Համագործակցության առարկայական փաթեթ, որն, ինչ խոսք, վրացական կողմի սրտով չէր:
Բացի նշվածից, Ուսուպաշվիլին վերահաստատել է Թբիլիսիի պատրաստակամությունը 2017թ.-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անցկացնելու կապակցությամբ՝ հուշելով, որ դա իրականացնելու համար անհրաժեշտ չէ գործողությունների պլան: