Ներածություն
Հայ հին գրականությունը համաշխարհային գրավոր մշակույթի հետաքրքիր և ինքնատիպ բնագավառներից է: Նրա ակունքները խոր հնադարում են, այն ժամանակներում, երբ հայկական լեռնաշխարհում տոհմերի և ապա ցեղերի միավորման ճանապարհով ձևավորվել է հայությունը իբրև ժողովուրդ ու ազգ. Այդ գործընթացն ունեցել է մի քանի հազարամյակի տևողություն, և գեղարվեստական միտքն իր արտահայտությունն է ստացել բացառապես բանավոր ճանապարհով, որպես նախնական աշխարհայեցողություն ու հավատալիք: Վաղնջական այդ պատկերացումները վերաբերում են չար ու բարի ոգիներին, հոգու հավատքին, բնության պաշտամունքին և տարերային ուժերի աստվածացմանը, օդերևույթքին ու երկնային լուսատուներին: Նրանց մեջ երևան է եկել անիմիզմը, ըստ որի բոլոր առարկաներն ընկալվել են մարդկային էությամբ ու բնավորությամբ: Լուսատուների և օդերևութային շարժումների պատճառ համարվել են դեմոններն ու աստվածները. Նախնի հայերի պաշտամունքի դրսևորումներից մեկն էլ եղել է տոտեմիզմը, սրբազան համարված որևէ կենդանու, բույսի կամ բնության երևույթի աստվածացումը. Աստվածացնելով, պաշտողները նրանց դիտել են որպես իրենց նախնիներ և իրենց էլ կոչել նրանց անունով.
Հայկական հնագույն հավատալիքներն ու պաշտամունքը, իբրև աշխարհայեցողություն ու կյանքի գեղարվեստական պարզ ընկալում, խոր հետքեր թողնելով բարքերի ու կենցաղի մեջ, շարունակել են հարատևել ու պահպանվել ոչ միայն քրիստոնեական միջնադարում, այլև հասել են մինչև նոր ժամանակներ, անշուշտ շատ բան կորցրած իրենց նախնական ամբողջականությունից ու անաղարտությունից, լեզվով նորոգված, կերպարանափոխված ու խավավորված ըստ քրիստոնեական աշխարհայեցողության, միահյուսված պատմակենցաղային բնույթի այլև այլ դրվագների. Մինչև հինգերորդ դար կենցաղավարելով որպես ավանդական բանահյուսություն, այնուհետև նրանք ամբողջ միջնադարում այս կամ այն չափով տեղ են գտել հայ մատենագրության մեջ, սովորաբար ժխտման ու մերժման վերաբերմունքով, իսկ հատկապես ԺԹ-Ի դարերում ժողովրդական զրուցաբանների ու բանասացների բերանից գրառվել են ու հավաքվել բանահյուսական և ազգագրական ժողովածուներում: Այդպիսով, բանահյուսական վաղեմի նմուշները, նրանցում արտահայտված հավատալիքներն ու պաշտամունքը միջնադարում և նոր ժամանակներում իրենց գոյությունը պահպանել են որպես վերապրուկներ: Անհիշելի ժամանակներից հարատևող հավատալիքների ու պատկերացումների մասին են վկայում հմայական աղոթքները (այսպես կոչված «կապքի աղոթքները», որոնք հետագայում ևս կենցաղավարել են բերանացի ճանապարհով, գրավոր «հմայքները», «հմայեկները" կամ "հմայիլները"), հմայական բանաձևերն ու երդմնեցումները, նաև սնահավատական զրույցները. Դրանք միաժամանակ հայ ժողովրդի գեղարվեստական մտածողության ամենահին դրսևորումներն են.
Հավատալիքների ու աշխարհի մասին նախնական պատկերացումների համեմատությամբ ավելի հասուն աշխարհընկալման արդյունք են հայ ժողովրդական առասպելները, որոնց պահպանման համար պարտական ենք, մանավանդ, պատմահայր Մովսես Խորենացուն: Հայկական առասպելաբանության առկա ամենահին գրավոր աղբյուրը Խորենացու «Հայոց պատմությունն» է, հատկապես նրա առաջին գիրքը. Խորենացին նշում է այն սկզբնաղբյուրները, համաձայն որոնց ներկայացրել է առասպելներն ու դիցաբանական զրույցները. դրանցից մեկը ասորի Մար Աբաս Կատինայի անունով (կամ թերևս նրան վերագրված) մի մատյան է եղել, իսկ մյուսը, հայ ժողովրդական գուսանական երգերը, հայոց նախնիների, նահապետների ու դյուցազունների մասին հերոսական պատումները, որ կատարել են գուսանները փանդիռի նվագակցությամբ:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2015/05/blog-post_16.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել