Քաղաքականությունը պահանջում է օպտիմիզմ: Այստեղ ցանկացած չիրագործված քաղաքական միսիա` սայթաքում, պարտություն, պահանջում է սառնասրտություն և լավատեսություն, առաջ նայելու կարողություն, որպեսզի այն մարդիկ, ովքեր իրենց վստահությունն են հայտնել տվյալ կառույցին, երբեք չնահանջեն:
Մի խոսքով՝ ցանակցած քաղաքական պռավալ պետք է ուղեկցվի հստակ գործողություններով՝ վերջնանպատակին հասնելու համար:
Հայաստանյան քաղաքական դաշտում որոշ քաղաքական ուժերի մոտ պատկերը մի փոքր այլ է: Մեր ընդդիմության մոտ արդեն քաղաքական օպտիմիզմը փոխարինվել է այլ կատեգորիաներով: Մասնավորապես, այսօր ընդդիմադիր ուժերն ավելի շատ գերագնահատում են սեփական ուժերը, քան լցված են լավատեսությամբ:
Այսօր բացի ոչ իշխանական կառույցներից գրեթե ոչ ոք չի հավատում ու չի խոսում այն մասին, որ ընդդիմությունն այսօր իշխանությունների նկատմամբ հակակշիռ ազդեղցություն ունի քաղաքական դաշտում:
Նախկին եռյակի դաշնակիցներից, թերևս, «ամենառոմանտիկը»` Հայ Ազգային Կոնգրեսը, շարունակում է ասուլիսների ժամանակ խոսել և պատմել իր` «ընդդիմության լիդեր» տիտղոսի լեգենդի մասին, որին մինչ օրս հավատում են միայն ՀԱԿ-ի մի քանի հետևորդները:
Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին, խոսել է «արմատական ընդդիմադիրների» և այս անվանակարգի հավանական «հաղթողների» մասին:
Կոնկրետ այս պահին Լյուդմիլա Սարգսյանը որպես արմատական ընդդիմադիր տեսնում է միայն ՀԱԿ-ին: Վերջինս հավելում է, որ ԲՀԿ-ն նույնպես ընդդիմություն է, և ոչ ոք չգիտե, թե վաղը ԲՀԿ-ն ինչ դիրքերից հանդես կգա: Եթե ԲՀԿ-ն արմատական դառնա, իր կարծիքով, ընդդիմությունը կրկին ուժեղ դիրքերում կհայտնվի:
Ահա, տեսնո՞ւմ եք, թե ով է այսօր մեր քաղաքական իրականության «արմատական ընդդիմադիրը»: Իմացա՞ք, ճանաչեցի՞ք, իսկ հիմա անցնենք բուն խոսքերին:
Հատկանշական է այն փաստը, որ Լյուդմիլա Սարգսյանը հերիք չէ կոնգրեսականներին համարում է արմատական, դեռ մի հատ էլ ԲՀԿ-ին հուսադրում, որ մի օր նրանք էլ հանդես կգան այդ ճակատից:
Չեմ կարող չասել, որ եթե Հայաստանի ներկայիս ընդդիմադիր բևեռն այնքան թույլ ու անպաշտպան է, որ որպես «արմատական ընդդիմադիր» հանդես է գալիս մի կառույց, որի 4 անդամներից 4-ն էլ սեփական միջոցներով, տարբեր խոսափողներով ու «գործիքներով» հարվածում են միմյանց և չեն կարողանում հաշտ ու համերաշխ համագործակցել մի փոքրիկ խմբակցությունում, ապա Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը ԲՀԿ-ի մասով դիտվում է ոչ թե կոմպլիմենտ, այլ չարակամություն:
Տիկին Սարգսյան, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քաղաքական «ապտակից» հետո հազիվ փորձում է ուղղել գլուխը, իսկ Դուք միանգամից ուզում եք տեսնել նրանց Ձեր ջարդված կառույցի կողքին` նույն կարգավիճակում: Մի քիչ բարի գտնվեք նրանց նկատմամբ, չէ՞ որ Ձեր նախկին գործընկեր կառույցն է:
Լյուդմիլա Սարգսյանի այսօրվա ասուլիսին հնչեցրած հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ուժերի գերագնահատում: Կարծում եմ՝ ամեն ինչից զատ, քաղաքական կառույցները, հատկապես ընդիմադիր ճակատներում գտնվողները, պետք է կարողանան իրավիճակը ճիշտ գնահատել, ինչպես նաև սեփական ուժերի հաշվարկման հարցում լինել մաքսիալ ռեալ:
Հ.Գ. Հարկ եմ համարում ՀԱԿ խմբակցությանը հիշեցնել Ուինսթոն Չերչիլի թևավոր խոսքերից մեկը. «Լավատեսն ամեն դժվարության մեջ գտնում է հնարավորություններ, հոռետեսը գտնում է դժվարություններ ամեն հնարավորության մեջ»: