Շուտով «Վերջին զանգն» է. ավարտական դասարանի աշակերտների շրջանում, ինչու չէ նաև ուսուցիչների դեմքին ուրախ տոնական ժպիտ է լինելու: Բոլոր նրանք, ովքեր անցել են այդ վերջինզանգյան իրավիճակի փուլը, ամեն տարի այդ օրն անպայման ընկնում են հիշողության գիրկն ու համեմատական կարգով երևի թե ասում. «Մեր ժամանակ ուրիշ էր»: Այո, ժամանակները փոխվում են, ու փոխվում է նաև տոնը տոնելու ձևերը: Ի՞նչ տոն առանց գումարի, չէ՞ որ հասարակ ատրիբուտի համար նույնիսկ գումար է անհրաժետ, բայց արի ու տես, որ գտնվում են ավելի խորամանկները և վերջին զանգի միջոցառումը կազմակերպելու փոխարեն երեխանների հավաքած ողջ գումարն իրենցով են անում:
Վերջերս ահազանգ ստացանք Վայոց ձոր մարզի բնակիչներից, ովքեր մեզ տեղեկացրեցին, որ իրենց դպրոցներում սկսվել են Վերջին զանգի միջոցառումներն իրականացնելու համար դրամահավաք:
«Իմ երկու երեխաները հաճախում են դպրոց և երկուսն էլ ավարտական դասարանում են սովորում, ես ի վիճակի չեմ աշխատելու, իսկ ամուսնուս աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ: Մեզ որտեղի՞ց 80 հազարից շատ գումար, որ մենք կարողանանք հոգալ մեր երեխանների դպրոցական ծախսերը: Պետք է հագուստ գնենք, հագուստի գները սկսում են մոտավորապես 30-ից 40 հազար դրամից, դրան գումարի կոշիկների գինը, մեկ երեխա չի, որ կարողանանք տեղավորվել 80 հազարի շրջանակներում, այլ երկուսն են: Սա դեռ հերիք չէ, առջևում ավարտական քննություններն են ու վերջի տոնական հրաժեշտի միջոցառումը, ու էլի պետք է գումար հավաքենք: Բայց որտեղի՞ց»,- մեզ հետ զրույցում նշեց տիկին Արմինեն, ով երկու երեխաների մայր է:
Հարց է առաջանում. գործազրկության ցուցանիշով Վայոց ձոր մարզի` շրջանավարտ ունեցող ընտանիքները որտեղի՞ց և ինչպե՞ս են հայթայթելու այս գումարները: Չէ՞ որ 50-80.000 դրամ նվազագույն ծախսերն են, երբ պատասխանատու կառույցների կողմից զսպվում են այս արարողակարգի ճոխությունները:
Ահազանգի հետքերը մեզ տարան Վայոց ձոր մարզի մի շարք կրթօջախներ: Աշակերտների հետ զրույցի ժամանակ նրանք մեզ պատմում էին, որ, այո, գումար հավաքել են՝ մոտավորապես 18-ից 20.000 հազար դրամ: Բացի դա, քննություններից առաջ ևս գումար են հավաքելու:
«Պետք է նոր հագուստներ գնենք, որոնք կլինեն միանման, այս տարի որոշել ենք, որ մեր հագուստի գույները պետք է լինեն կապույտի և սևի համադրությամբ: Սցենարը նույնպես պատվիրված է, բանաստեղծություններից սկսած մինչև հումորային համարները բոլորը սցենարիստն է գրել»: Մեզ հետ զրույցում նշեցին աշակերտները:
Աշակերտներից մի քանիսն էլ տեղեկացրեցին, որ իրենք վերջին զանգի համար գումար հավաքել են, բայց միջոցառումը կազմակերպվել էր շատ ցածր մակարդակով և անշուք:
«Որոշել էինք, որ պետք է դահլիճը գեղեցիկ զարդարենք, բոլոր ուսուցիչներին վարդեր նվիրեինք, բայց եղավ լրիվ հակառակը. ո՛չ դալիճը զարդարվեց նորմալ տոնական տեսքով, ո՛չ էլ ուսուցիչներին ծաղիկներ նվիրեցինք: Թե ինչ եղան կամ ում ձեռքի տակով անցան այդ գումարները, ոչ մեկ չի իմանում: Իմանում ենք, բայց վախենում ենք բարձրաձայնել»,- մեզ հետ զրույցում նշեց Կարինեն, ով արդեն 3 տարի է, ինչ ավարտել է դպրոցը:
Շրջայցի ընթացքում հարցազրույց ունեցանք նաև ուսուցիչների և տնօրենների հետ, ովքեր միաբերան մեզ համոզում էին, որ ոչ մի դրամահավաք էլ չի՛ եղել և չի՛ էլ լինելու:
«Կարող ե՞ք մեկ դպրոց ասել, որ վերջին զանգի միջոցառումը կազմակերպելու համար գումար չի հավաքել: Չեք կարող, քանի որ մեզնից էլ լավ գիտեք, որ բոլորն էլ հավաքում են: Իսկ մենք սուրբ չենք, այո, հավաքում ենք, բայց սահմանները չանցնելով»,- մեզ հետ զրույցում նշեց ուսուչիցներից մեկը:
Ի՞նչ է ստացվում. աշակերտնե՞րն են ցանկանում սևացնել դպրոցի բարի համբավը, թե՞ ուսուցչական կազմն է ցանկանում կատարվածը թաքցնել:
Ինչևէ, լինելու ենք հետևողական:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=846363012110020&set=a.162882773791384.42587.100002089872121&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել