Երգիչ Նարեկ Բավեյանը երեկ սոցցանցային իր էջում գրել էր. «...-ի աշխարհում ես իմ տեղը չեմ գտնում»։ Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել, BlogNews.am-ը փորձեց Նարեկից պարզել, թե ինչն է առիթ հանդիսացել նմանատիպ գրառման։ Նարեկը չցանկացավ  խոսել այդ մասին՝ նշելով, որ իր ընկերներից մի քանիսը կհասկանան այդ կատակը։ «Դա չեմ արել, որ հրապարակային քոմենթներ անեմ։ Ես ունեմ պաշտոնական և անձնական էջ։ Ես երբեք պաշտոնական էջով նմանատիպ հումորներ չեմ անում»,- ասաց Նարեկը։

Երգչից տեղեկացանք, որ այժմ նոր երգերի ձայնագրման փուլում է։ «Ստեղծագործական հետաքրքիր մուսա կա մոտս։ Շատ նոր երգեր ունեմ՝ հիմնականում հեղինակային։ Միգուցե քանակն այնպիսին լինի, որ ալբոմ կազմեմ»,- ասաց երգիչն ու հավելեց, որ երգերից մեկի հիման վրա հավանաբար տեսահոլովակ կնկարահանի։

Անդրադառնալով հարցին, որ ինքը պարբերաբար ներկայացնում է նորություններ, սակայն ավելի պասիվ, ի՞նչն է պատճառը, որ պասիվացել է, Նարեկն ասաց, որ իր կարծիքով՝ ինքը չի պասիվացել։ Դիտարկմանը, որ գուցե ինքը պրոցեսի մեջ է և չի զգում, սակայն հանդիսատեսի աչքով, այնուամենայնիվ, պասիվացել է, Նարեկն արձագանքեց. «Գուցե ոչ թե ես եմ պասիվացել, այլ պահանջներն են շատացել, ու մեր ժամանակներն այնպիսին են, որ ամեն ինչ սկսել է արագանալ։ Ես նույն տեմպով եմ աշխատում, ինչ առաջ։ Գուցե մյուսներն են սկսել շատ հաճախ տեսահոլովակներ թողարկել։ Ամեն դեպքում ես չեմ պատրատվում մրցավազքի մեջ մտնել շոու բիզնեսում որևէ մեկի կամ որևէ ստանդարտի հետ, որի համաձայն պետք է 3 ամիսը մեկ անպայման տեսահոլովակ թողարկել։ Ես ապրում եմ իմ ստեղծագործական կյանքով։ Միգուցե իմ տեսահոլովակը լինի 2 կամ 3 տարին մեկ. կանեմ այն ժամանակ, երբ զգամ՝ դրա կարիքն ունեմ։ Ուզում եմ այդ տեսահոլովակով ինչ-որ բան ասել, ուղղակի ստանդարտների մեջ մնալու համար չեմ անի»։

Ինչ վերաբերում է ընտանիքում համալրմանը, երգիչն ասաց, որ այդ առումով առայժմ նորություն չունեն։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել