Միշտ ասել եմ, որ կամ Ուկրաինան կբաժանվի երկու մասի և կներքաշվի հավերժական թշնամանքի ու պատերազմի մեջ, կամ կգտնի միասնության բանալին, անգամ կարծիքս եմ արտահայտել, թե ինչպես պետք է դա լինի: Ըստ իս՝ ուկրաինացիները պետք է իրենց բաժանող գծերից ամենամեծի՝ երկրորդ աշխարհամարտի շուրջ գան ընդհանուր հայտարարի: Նրանք պետք է թշնամանքի փոխարեն մեծարեն թե՛ կարմիր բանակի շարքերում կռված վետերաններին, թե՛ ուկրաինական ապստամբական բանակի վետերաններին. երկուսն էլ համարել են, որ հանուն Ուկրաինայի են կռվում, երկուսն էլ կարծել են, որ իրենք ճիշտ են: Երկուսն էլ մեկը մյուսին թշնամի և դավաճան են համարել տասնյակ տարիներ: Հիմա ժամանակն է, որ ուկրաինացիներն ընտրեն պառակտման, հավերժական թշնամանքի և ազգային համահայտարարի միջև: Ներկայիս ուկրաինական իշխող վերնախավի որոշմամբ՝ մայիսի 8-ը հայտարարվել է ազգային հիշատակման և հաշտեցման օր, այս տարի մայիսի 8-ին Գերագույն Ռադայի նիստին ներկա են եղել վետերաններ երկու հակառակորդ բանակներից, և նախագահ Պորոշենկոն փառաբանման խոսքեր է հնչեցրել երկու խմբի վետերաններին, որոնց ներկայացուցիչները նստած են եղել դահլիճում: Կոնկրետ ինձ համար տարօրինակ է, թե ինչու են որոշ ռուսական և արևմտյան ուժերի մարմնի համապատասխան մասը մրմռում դրանից, երևի նրանք ցանկանում են, որ ուկրաինացիները հավերժ թշնամի մնան իրար և իրար արյուն հեղե՞ն: Մի խոսքով, անկախ Պորոշենկոյի դրդապատճառներից ասեմ, որ ըստ իս՝ նա գնում է ճիշտ ճանապարհով, որովհետև սա միակ ճիշտ ուղին է՝ բարակ թելով անցնող, բայց միակ ճիշտ ուղին, որի այլընտրանքն արևմտյան ու արևելյան Ուկրաինաների և ուկրաինացիների ևս հարյուր տարվա թշնամանքն է, որը 1945-ից հետո ոչ թե լուծվել էր, այլ արհեստականորեն սառեցվել: Հիմա մնում է՝ ուկրաինական իշխանությունները դիմանան պրոնացիստական և պրոկոմունիստական ծայրահեղական ուժերի ճնշմանը, որոնց ձեռ չի տալիս այս հաշտեցումը. ամեն մեկը ցանկանում է իր պատմական էշն առաջ քշել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/453341044847526?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել