Imyerevan.com-ը գրում է.
Ռազմի դաշտում բոլորը զինվոր են։ Կռվում էին ոչ միայն նրանք, ովքեր հրացան էին բռնում ու կրակ արձակում, այլև նրանք, ովքեր էին խրամատ փորում, վիրավորներին հեռացնում մարտի դաշտից, սնունդ հայթայթում, կապ ապահովում, լրտեսություն անում: Լուսանկարիչներին բախտ էր վիճակված վավերացնել բոլորի կռիվը․ և դա էլ հենց իրենց կռիվն էր։
Հակոբ Բերբերյան (ՀակԲեր)
Լուսանկարում է 1981-ից: Աշխատել է «Երեկոյան Երևան», «Կոմունիստ», «Գոլոս Արմենիի», «Ազատամարտ», «Հայոց աշխարհ», «Տոտալ ֆուտբոլ» թերթերում, «Արմենպրես», «Արմինֆո»լրատվական գործակալություններում, եղել է «Ֆրանսպրեսի» և «Ասոշիեյթիդ պրեսի»ֆոտոթղթակիցը Հայաստանում:
Ինձ համար չկար զինծառայության և լուսանկարչության միջև ընտրելու հարց: Այս առիթով մի դեպք եմ հիշում, սահմանի գյուղերից մեկում էի, տեղի հերթապահն ասաց՝ վերցրու ատրճանակն ու այն խարխուլ տնակը կրակելով քանդի։ Ընդդիմացա, ասացի՝ դա իմ գործը չի: Ամեն մեկն իր գործը պետք է անի. ոմանք կռվելով են ծառայում, ոմանք՝ այդ կռիվները վավերացնելով:
Գործուղումներս սովորաբար երկու-երեք օրից ավելի չէին տևում, խնդրում-աղաչում էի, որպեսզի գոնե մեկ-երկու շաբաթով ուղարկեն: Այն ժամանակ ժապավենով էինք նկարում, և շատ հաճախ ժապավենները երևակելուց հետո ինձ էին վերադարձնում ու խնդրում, որպեսզի պահեմ: Վտանգավոր պահեր, ինչ խոսք, եղել են, բայց ինձ հետ էին ուղարկում, երբ վտանգը վրա էր հասնում, ասում էին, որ ես դեռ շատ անելիք ունեմ մարտի դաշտից դուրս: Հիշում եմ՝ փոխհրաձգության ժամանակ իմ ուղղությամբ երկու ական նետեցին, յուրաքանչյուրը՝ ինձնից մեկ-երկու մետր հեռավորության վրա և բարեբախտաբար ոչ մեկը չպայթեց: Շատ էր լինում, որ կյանքի ու մահվան միջև էի հայտնվում, ես դողում էի, բայց դողում էի ոչ թե վախից, այլ լարվածությունից, իմ գործը կիսատ թողնելու մտավախությունից:
Ալեքսանդր Օհանյան
Լրագրությամբ զբաղվել է 21 տարեկանից: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ թղթակցել է«Գոլոս Արմենիի» թերթին, իսկ հետագայում՝ այլ հայտնի օրաթերթերի: 2000-ականների կեսերին թողարկել է նաև սեփական պարբերականը:
Ես Ղարաբաղում եմ կատարել զինվորական ծառայությունս. դա 1987-1989 թվականներն էին, երբ այնտեղ արդեն անհանգիստ էր: Ես ծառայում էի ԽՍՀՄ բանակում, և հատկապես 1988-ի սումգայիթյան ջարդերից հետո արդեն պարզ էր, որ ամեն ինչ լուրջ է: Զորացրվելուց հետո համարեցի, որ այդ մասով իմ պարտքը կատարել եմ և հիմա կարող եմ լուսաբանելով օգտակար լինել: Ընդ որում՝ միշտ մենակ եմ աշխատել՝ և՛ գրել եմ, և՛ լուսանկարել հոդվածի համար: Պատերազմում լրագրողն ինքն է իր գլխի ճարը տեսնում: Մարտի դաշտում գտնվողներից յուրաքանչյուրն է կռվում. ոչ միայն զենքը բռնող ու կրակող զինվորը, այլև վիրավորներին ընդունող բժիշկը, մեքենայով զենք բերող վարորդը: Ավելին՝ դիպուկահարի և լուսանկարչի ձեռքին եղած սարքերի օպտիկան նույն կերպ է փայլում, այնպես որ կրակողը նույն հաջողությամբ կարող է և՛ դիպուկահարին նկատել ու ոչնչացնել, և՛ լուսանկարչին: Երբ փոխհրաձգության ժամանակ խրամատում նստած ես ևս մի քանի հոգու հետ, որոնք ամեն կերպ փորձում են հետ մղել թշնամուն, վաղ, թե ուշ ձեռքիդ ֆոտոխցիկին զենքն է փոխարինում: Երբ կռվի դաշտ ես մտնում մարտերից հետո, փորձում ֆիքսել կատարվածը, հաջորդ վայրկյանին արդեն ինքդ էլ ես դիակների համար գերեզման փորում: Ուտելիք պատրաստելու համար ցախ ես հավաքում, շինությունից ականներ հանում ու էլի շատ ու շատ բաներ, որոնք այդ պահին ավելի առաջնահերթ են, քան ժապավենի վրա այդ ամենը փոխանցելը: Լուսանկարելու հերթը գալիս էր այն ժամանակ, երբ մնացած բոլոր գործերն արդեն արված էին:
Հակոբ Պողոսյան
Աշխատել է պետական հեռուստատեսությունում, համագործակցել արտասահմանյան հեռուստաընկերությունների հետ, մասնակցել ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ վավերագրական ֆիլմերի ստեղծմանը: Տեսանյութեր է պատրաստել ՀՀ պաշտպանության նախարարության համար:
20 տարեկան էի, երբ պատերազմը սկսվեց, աշխատում էի հեռուստատեսությունում որպես օպերատոր: Ինձ համար Ղարաբաղ գնալու գլխավոր նպատակը արխիվ հավաքելն էր: Ճիշտ է, հիմնականում տեսանյութեր էի նկարահանում, բայց լուսանկարներ նույնպես բավականին թվով ունեմ: Պատերազմի դաշտում վախը մի տեսակ երկրորդ պլան էր մղվում, որոշ ժամանակ անց արդեն շուրջդ կատարվող ամեն ինչը սովորական էր դառնում, երբեմն չէի էլ գիտակցում, թե ինչ վտանգ է ինձ սպառնում: Ստեփանակերտը ռմբակոծում էին, մարդիկ նկուղներում թաքնվում էին կրակից, իսկ ես Կիրովի փողոցով հանգիստ իջնում էի, կարծես բան էլ չի պատահել:
Մի ընկեր ունեի՝ Վահիկը, նա մի օր բռնել-պատռել էր իր բոլոր լուսանկարները։ Ինձ հարցրեց. «Հակոբ, որ տեսագրում ես, ձայնն էլ է՞ գրվում»: Ասացի՝ հա ու սկսեցի նկարահանել: Առաջարկեց՝ գնանք եկեղեցի: Ես ամբողջ ընթացքում նկարահանում էի, իսկ նա մի ձայն անգամ չհանեց: Մի քանի օր անց իմացա, որ զոհվել է: Շատ ընկերներ ու ծանոթ տղերք են աչքիս առաջ մահացել, անգամ տեսագրություններ ունեմ, որտեղ մարդ է սպանվում: Բայց պատերազմը պատերազմ է, ինչ կա, այն էլ վավերացրել ենք:
Մարտին Շահբազյան
16 տարեկանից համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ: 1966-ից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն»և «Կոմունիստ» թերթերում, 1974-1976 թթ. թղթակցել է ԽՍՀՄ «Նովոստի»մամուլի գործակալությանը, 1976-2001 թթ. աշխատել է «Արմենպրես» գործակալությունում, իսկ 2001-ից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցն է:
Ես արդեն 25 տարվա լուսանկարիչ էի, այլ կերպ չէի էլ պատկերացնում իմ մասնակցությունը պատերազմին: Մեկը պետք է անի վավերացնի, նկարի, պահի, ցույց տա, տարածի․ ո՞վ, եթե ոչ ես: Բարեբախտաբար, շատ էի շրջել Ղարաբաղում: Ես 88-ի շարժումից ի վեր հետևում և նկարահանում էի, թե ինչ է կատարվում, այնպես որ պատերազմական լուսանկարները տրամաբանական շարունակությունը դարձան:
Ճարպկությանս շնորհիվ երբեք անոթի չէի մնում, շատ ժամանակ ՊԱԿ-ի ծառայողներն էին օգնում, օրապահիկ սնունդ էին տալիս: Ամեն տեղ շրջել եմ, փախստականների եմ լուսանկարել, քարուքանդ եղած Ստեփանակերտը, մյուս քաղաքները: Շատ պատմական կռիվների եմ ներկա եղել՝ Աղդամի ազատագրմանը, Երասխավանի կռիվներին։ Բախտս բերել է, որ այդքանից հետո կենդանի եմ մնացել: