
Ճարպակալմամբ տառապող մի բրիտանուհի, ով ավելի քան 200 կգ է կշռում, որոշել է կիսվել աշխարհի հետ իր խնդրով: Նա հրապարակել է իր անձնական օրագիրը, որում արտացոլված է նորմալ քաշով ծնված առողջ երեխայի կերպարանափոխությունը հիվանդագին գիրությամբ տառապող կնոջ: Այս օրագրի հեղինակը՝ Ռոշելե Քոուլսոնը, ներկայումս Մեծ Բրիտանիայի ամենագեր կանանցից մեկն է համարվում: Ստորև ներկայացված են հատվածներ նրա օրագրից, որում նա մանրամասնում է գիրության առաջացման պատճառների, ինչպես նաև հիվանդագին ախորժակի դեմ պայքարելու իր անզորության մասին: Այս կնոջ խոստովանությունն ընթերցելուց հետո ընթերցողներից շատերն այլևս բարձրաձայն ու անտակտ ռեպլիկներ թույլ չեն տա` փողոցում գեր մարդ տեսնելով:
2 շաբաթական – 4 կգ

Ես լույս աշխարհ եկա 1993 թ.-ին: Ծնվելիս իմ քաշը 4 կգ էր: Մայրիկս հղիության ընթացքում գայլի ախորժակ ուներ: Նա հաջողությամբ չէր կերակրել իր առաջին երեխային, ուստի ինձ չփորձեց էլ կրծքով կերակրել:

Ես կրկնակի շատ կեր էի ընդունում, քան սահմանված է այդ տարիքի երեխաների համար, սակայն ես միանգամից չուռեցի: Ես առողջ էի մեծանում: Լուսանկարներից դատելով՝ ես երջանիկ ու անհոգ փոքրիկ էի:
10 ամսական – 7 կգ

Ես ամենից ավելի աշխույժ էի ճաշի ժամերին: Ապուրներից հետո երկրորդ կերակուրն էր մատուցվում, սակայն իմ ախորժակը միայն ավելի էր բացվում ընթացքում: Մայրս ասում է, որ ես լացում էի, եթե ինչ-որ ուտելիք չէր լինում իմ ձեռքի կամ բերանումս: Այս տարիքում ես իմ հասակակիցներից ավելի գեր չէի, սակայն, ըստ ամենայնի, ես միշտ քաղցած էի:

Ռոշելեն 18 ամսականում
Ես ուրախ խաղում էի՝ շրջապատված իմ սիրելի ծնողներով, սակայն մի օր ամեն ինչ փոխվեց: Մայրս հանդիպեց ուրիշին ու բաժանվեց հայրիկիցս: Ես մեկ տարեկան էի, շատ փոքր ամեն ինչ հասկանալու համար, սակայն հիշում եմ, որ մի օր հատնաբերեցի, որ հայրիկն այլևս մեզ հետ չի ապրում: Ես ու եղբայրս ամեն շաբաթ հանդիպում էինք նրան:
4 տարեկան – 19 կգ

Հայրիկը նոր ընկերուհի գտավ իր համար, որը հիմա նրա կինն է: Նա ներկայացրեց նրան ինձ ու եղբորս: Սկզբում թվում էր, թե ամեն ինչ կարգին է, սակայն հետո նա անհետացավ մեր կյանքից՝ իր նոր կնոջ ու նրա դստեր հետ ապրելու: Մի օր նա եկավ մորս ալիմենտ վճարելու: Ես վազեցի նրա գիրկը, սակայն նա ասաց. «Ես այստեղ եմ եկել ոչ թե քեզ, այլ մորդ տեսնելու»:
Հետագա հինգ տարիներին ես այլևս չտեսա նրան: Ես ինձ մերժված զգացի: Կարծես սրտիս մեջ ճեղքվածք էր գոյացել: Ես փորձեցի այդ դատարկությունը լցնել ուտելիքով: Ուտելիքն ինձ համար մխիթարանք դարձավ: Դա մայրիկիս մեղքը չէր: Նա միշտ խրախուսում էր մեզ առողջ սնվել, սակայն ինչ ուտելիք էլ նա թաքցներ մեզնից, ես անմիջապես գտնում էի այն: Ես օր օրի գիրանում էի:
6 տարեկան – 5 կգ

Ինձ մոտ ախտորոշվեց ցրվածության ու գերակտիվության համախտանիշը, ու ես սկսեցի ռիտալին դեղն ընդունել: Ես սկսեցի դպրոց գնալ, սակայն հետո մենք տեղափոխվեցինք ու դպրոցս էլ փոխեցինք: Դա ինձ համար ծանր էր, ու ես հաճախ դասերից փախչում էի: Ես շատ ավելի խոշորամարմին էի, քան դասարանցիներս: Մի քանի տարում քաշս կտրուկ աճեց, ու ինձ սկսեցին ծաղրել: Ես ուզում էի հօդս ցնդել, սակայն փոխարենը գալիս էի տուն ու մայրիկիս ասում, որ քաղցած եմ: Մայրս ինձ առողջ սնունդ էր տալիս, սակայն հենց որ ես բավականաչափ բարձրահասակ դարձա պահարաններին հասնելու համար, մայրս այլևս չէր կարողանում վերահսկել իմ ընդունած սնունդը: Նա դժվար հարաբերությունների մեջ էր քրոջս հոր հետ ու չէր նկատում իմ քաշի ավելացումը: Ես երբեք նրան չեմ մեղադրել: Երբ ես ոչնչի մեջ երջանկություն չէի կարողանում գտնել, ես որոնում էի այն ուտելիքի մեջ:
10 տարեկան - 57 կգ

Ստորացումներն ու ծաղրուծանակն ավելի ուժգնացան: Երեխաներն ինձ գնդիկ-բոքոնիկ էին անվանում ու ասում, որ ես չափազանց գեր եմ ֆուտբոլ խաղալու կամ անգամ որևէ մեկի հետ ընկերություն անելու համար: Ես մեկուսացած էի դասարանցիներիցս: Բակում ամեն ինչ այլ էր: Բակի երեխաները նորմալ շփվում էին ինձ հետ: Այդ շրջանում իմ քաշը 57 կգ էր, իսկ իմ տարիքի մյուս աղջիկները մոտ 30 կգ էին կշռում: Չնայած ավելորդ կիլոգրամներին` ես միշտ ակտիվ էի: Միայն երբ գալիս էր դպրոց գնալու ժամանակը, իմ ինքնագնահատականը կտրուկ ընկնում էր, և ես նորից պարփակվում էի:
13 տարեկան – 82 կգ

Գեր դեռահաս լինելն իսկական տառապանք էր: Ես ուղեղս անջատած ուտում էի ու իսկի չէի էլ նկատում, թե օրվա մեջ որքան եմ կերել: Միջնակարգ դպրոցում ես քաջ գիտակցում էի, որ հարկ եղածից շատ եմ ուտում ու ստում էի մայրիկիս, երբ նա հարցնում էր, թե ինչ եմ կերել` միշտ ավելի մեղմ պատկեր ներկայացնելով նրան: Դպրոցում հեղինակություն վայելող բոլոր երեխաներն ինձ ատում էին, սակայն նրանք դեմ չէին զրուցել ինձ հետ այն ժամանակ, երբ ոչ ոք չէր տեսնում մեզ: Նրանք մի պահ իմ ընկերներն էին դառնում, ու ես ինձ խմբի անդամ էի զգում, սակայն շատ չանցած` նրանք ինձ ծաղրում էին մյուս բոլորի ներկայությամբ: Մայրիկս սկսել էր անհանգստանալ առողջությանս մասին: Ես դեռ լավ չէի գիտակցում խնդրի ողջ լրջությունը, մինչև մի օր չկանգնեցի կշեռքին ու չտեսա, որ 82 կիլոգրամ եմ:
14 տարեկան – 95 կգ

Ես արդեն հասուն աղջիկ էի, սակայն իմ քաշը շարունակում էր կտրուկ ավելանալ: Հագուստ գնելն իսկական մղձավանջ դարձավ: Ես չափազանց գեր էի անգամ պլյուս չափսի զգեստների մեջ «մտնելու» համար: Ես իմ դպրոցից կրկին դուրս եկա: Ինձ հանեցին դպրոցից վարքի հետ կապված խնդիրների պատճառով: Մենք նորից այլ տուն տեղափոխվեցինք, ու ինձ համար ծանր էր բաժանվել բակի այն քիչ ընկերներից, որ ունեի: Ես շատ միայնակ էի: Ուտելիքն իմ միակ ընկերն էր դարձել: Հետո ես սկսեցի հաճախել մի դպրոց, որտեղ հատուկ կարիքներ ունեցող երեխաներ էին սովորում: Ես սկսեցի շփվել մարդկանց հետ ու առաջին անգամ այստեղ սիրահարվեցի: Իմ ընկերը նույնպես պարթև էր: Մի տարի անց ես պարզեցի, որ նա ուրիշի հետ է հանդիպում: Ես ներեցի նրան, իսկ նա կրկնեց նույն սխալը: Նա հոգեբանական ճնշում էր գործադրում ինձ վրա, ու երբ ես նեղվում էի, վիշտս պարպում էի սննդամթերքի մեջ: Որոշ ժամանակ անց պապիկս մահացավ, իսկ ես նրան անգամ կարգին հրաժեշտ էլ չհասցրի տալ:
18 տարեկան – 133 կգ

Հաջորդ մի քանի տարիները կյանքիս ամենածանր տարիներն էին: Ես փորձում էի հաղթահարել պապիկիս կորստի վիշտն ու հասկանում, որ երկրորդ անգամ նույն անհաջող սիրային հարաբերությունների ծուղակն եմ ընկել: Ինձ մոտ դեպրեսիա էր սկսվել, ասես աշխարհը փուլ եկած լիներ: Ես սկսեցի ինքս ինձ վնասել, ու մտքովս անցավ անգամ ինքասպանություն գործել: Ես ուղղակի ուզում էի մահանալ: 2010 թ.-ին ես ու մայրս այնքան էինք վիճում, որ այլևս յոլա չէինք գնում իրար հետ: Մայրս ու ես որոշեցինք առանձին ապրել: Մի սոցաշխատողի օգնությամբ ես մի սենյականոց բնակարան ճարեցի: Իմ ընկերը, ով այդ ժամանակ անտուն էր, տեղափոխվեց այդ բնակարան: Ես սովորում էի քոլեջներից մեկի առողջապահության բաժնում, սակայն սթրեսների պատճառով երկրորդ կուրսում դուրս մնացի: Իմ ու ընկերոջս հարաբերություններն ավելի էին սրվում, ու մի օր նա սպառնաց սպանել ինձ: Ես ասացի այդ մասին մորս, իսկ նա ոստիկանություն դիմեց: Նա գնաց, ու այդ օրից ի վեր ես նրան այլևս չեմ տեսել: Այդ միջադեպից հետո ես ավելի շատ պարփակվեցի իմ աշխարհում: Ես դուրս չէի գալիս, իսկ սննդամթերքը պատվիրում էի: Իմ միակ զբաղմունքն ուտելն էր:
20 տարեկան - 165 կիլոգրամ

Մայրիկիս հետ հարաբերությունները լավանում էին: Քաղաքային խորհուրդը սպառնացել էր, որ կվտարի ինձ, եթե չմաքրեմ բնակարանս, ուստի մայրս եկավ ինձ օգնելու, և մենք փայլեցրինք այդ վայրը: Ես գնացի բժիշկի, ով ինձ մոտ դեպրեսիա ախտորոշեց և ինձ հակադեպրեսանտներ նշանակեց: Միևնույն ժամանակ ինձ մոտ քնի օբստրուկտիվ ապնոէ ախտորոշվեց, խնդիր, որը կապված է ճարպակալության հետ: Դա նշանակում է` ես կարող եմ դադարել շնչել մինչև 10 վայրկյան, երբ քնած եմ: Ինձ տվեցին մի սարք` օդի շարունակական դրական ճնշման (Օ Շ Դ Ճ ) սարք, որն ինձ կօգներ քնել, սակայն մարմինս չընդունեց այդ սարքը, և ես այն հեռացնում էի քնած ժամանակ:

Ռոշելեն 21 տարեկանում
Ես միշտ այնքան ուժասպառ վիճակում եմ, որ կարող եմ օրվա ընթացքում հաշված վայրկյանների ընթացքում վայր ընկնել, իսկ դա ինձ համար անհնար է դարձնում աշխատանք գտնելը: Երբ տեսնում եմ, թե ինչպես է քաշս ազդում առողջությանս վրա, զղջում եմ, որ ինքս ինձ հետ այսպիսի բան եմ արել: Իմ սնվելու սովորությունները վատացան, երբ ես տեղափոխվեցի տնից: Ես երբեք չէի գնում միրգ կամ բանջարեղեն, չնայած միշտ էլ սիրել եմ դրանք: Ես սկսեցի ամիսներ շարունակ տնից դուրս չգալ: Եթե ինձ այդպիսի ճոխություն էի թույլ տալիս, ապա միշտ մայրիկիս հետ, քանի որ չէի սիրում միայնակ մնալ: Ես նստում էի առևտրի կենտրոնում` սարսափած, որ մարդիկ ինձ էին նայում և քննադատում` տեսնելով, թե ինչ գիրուկի էի ես վերածվել:
Այսօր - 203 կիլոգրամ

Ռոշելեն մայրիկի հետ
Այսպիսի քաշ ունենալը սարսափելի է: Ես վախենում եմ, որ կմահանամ սրտի կաթվածից դեռ 25 տարեկանս չբոլորած, որ երբեք չեմ սիրահարվի: Ամենաշատը վախենում եմ, որ երբեք մայր չեմ դառնա: Չնայած ես ավելի գեր եմ, քան երբևէ, բայց որոշել եմ, որ այլևս չեմ ցանկանում թաքնվել: Ես դեռ սիրում եմ տնից դուրս գալ և ցանկանում եմ վերադառնալ այնտեղ: Ես սկսել եմ առողջ սնվել` նախաճաշին շիլա եմ ուտում, ճաշին` սենդվիչ և յոգուրտ, իսկ ընթրիքին` տնային պայմաններում պատրաստված կերակուր:

Անկախ նրանից, թե մարդիկ ինչ կմտածեն, ես կցանկանայի ի վիճակի լինել աշխատել: Պապիկիս մահվանից հետո միշտ ցանկացել եմ ծերանոց բացել և երազում եմ ծերերի խնամքով զբաղվող սոցաշխատող դառնալու մասին: Իմ քաշը մի ամբողջ կյանք շարունակվող ճակատամարտ է եղել, սակայն ես վերցնում եմ այդ պատասխանատվությունն ինձ վրա: Ես միայն հույս ունեմ, որ չափազանց ուշ չէ մարտնչելու համար:



