Մի ուշագրավ նյութ կարդացի 1in.am-ում՝ կապված երեկ Գլխավոր դատախազությունում անցկացված խորհրդակցություն հետ, որտեղ Սերժ Սարգսյանը խստորեն քննադատել է դատախազության աշխատանքը և մթնոլորտը, անդրադարձել է ստոր դատախազներին ու այն բանին, որ ոչ մեկ չի պայքարում դատախազությունում առկա արատավոր երևույթների դեմ:
Հեղինակը գրում է, որ այս ամենն, իհարկե, տպավորիչ է, սակայն մյուս կողմից` նաև բոլորին է հայտնի, որ նման դեղին քարտեր Սերժ Սարգսյանը շատ անգամներ և շատ ոլորտներում է ցույց տվել իր նախագահական կառավարման չորս տարիների ընթացքում, սակայն, ըստ էության, երկրում իրավիճակը չի փոխվել: Կոնկրետ դատախազության մասով Սերժ Սարգսյանն իզուր է զարմանում, թե ինչու է այդպիսի մթնոլորտ: Իսկ ուրիշ ի՞նչ մթնոլորտ պետք է լիներ, եթե Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը աչքի է ընկնում ոչ թե կոնկրետ մասնագիտական գործունեության բնագավառում աղմկոտ բացահայտումներով, այլ հասարակական գործունեությամբ՝ շուրջպարով, ծառատունկով, հայրենակցական միությունների միավորմամբ, հիմա էլ խաչեր է բարձրացնում և խորաններ կառուցում:
Այնպես որ, դատախազական համակարգում առկա մթնոլորտից զարմանալու փոխարեն Սերժ Սարգսյանը պետք է երևի թե կոնկրետ գործով զբաղվեր և պարզապես Աղվան Գառնիկիչի առաջ հարցը դներ միանգամայն հստակ և որոշակի՝ կա՛մ նա զբաղվում է կոնկրետ աշխատանքով և էապես փոխում դրա պատկերն ու արդյունավետությունը, կա՛մ պարզապես թողնում է այդ պաշտոնն ու անցնում հասարակական բուռն կյանքով ապրելուն, տարատեսակ նորանոր նախաձեռնություններ հղանալուն և պատմության մեջ իր տեղը այդպիսով ապահովելուն:
Ապա հեղինակը եզրափակում է իր խոսքն՝ ասելով, որ երբ Սերժ Սարգսյանի գործողություններում չկա այդ հստակությունն ու որոշակիությունը, ապա այստեղ այս ամենից, քարոզչական շոուից բացի, ստեղծվում է ընդամենը քաղաքական կոնյունկտուրայի թելադրանքի տպավորություն: Այսինքն` Սերժ Սարգսյանին ոչ թե կոնկրետ իրավիճակն է բերել դատախազություն, այլ պարզապես քաղաքական շահը, և նա ընդամենը փորձում է Աղվան Հովսեփյանին ու նրա կառույցը տեղավորել իր շահերի համատեքստում կամ պարզապես, այսպես ասած, ստուգողական «կրակոց» կատարել` պարզելու կամ համոզվելու համար, որ նախագահական ընտրության բարդ շրջանից առաջ դատախազական համակարգում ամեն ինչ վերահսկելի է, և անակնկալներ չեն լինի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/simeonvice/posts/243242035801815
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել