Tert.am-ը գրում է.
«Ինչպես միշտ, թիմը ցանկանում էր որքան հնարավոր է շուտ արդյունքի հասնել: Մրցակցի կիսադաշտում պրեսինգի մարտավարությունն էինք ընտրել, որը շատ լավ ստացվեց ու արդյունք տվեց: Գտնում եմ՝ խաղը լիովին մեր ձեռքում էր»:
- Գավաթային հանդիպումն ինչո՞վ տարբերվեց առաջնության խաղերից:
- 1 խաղում ամեն ինչ կարող է լինել: Տղաներին ասացի, որ պետք է մաքսիմալ հավաքված գործեն: Բոլորս էլ տեսանք, որ տղաները հավաքված էին գործում: Ուրախ եմ, որ տղաները լավ կատարեցին մեր պահանջածը:
- Իտալացի մրցավարները տեղացիներից լա՞վն են:
- Չէի ցանկանա այդպես ասել: Երևաց, որ շատ բարձրակարգ մրցավարներ են: Կցանկանայի ասել , որ մեր մրցավարներն էլ նորմալ են աշխատում: Նրանք պոտենցիալ ունեն:
- Ներկա դրությամբ «Փյունիկի» հեռանկարների մասին ի՞նչ կասեք: Ֆուտբոլիստներին պահելու կամ այլ ակումբ բաց թողելու մասով ակումբի քաղաքականությունն ինչպե՞ս է լինելու:
- Անշուշտ, մենք կցանկանանք պահել կազմը: 1-2 ֆուտբոլիստով համալրում անպայման կլինի: Եթե լեգիոներները մի քանի գլուխ բարձր չեն տեղացիներից, ապա իրավունք չունեն լինել «Փյունիկում»: Դեռ չգիտենք Չեմպիոնների, թե Եվրոպա լիգայում ենք խաղալու, սակայն նպատակ կա, և 1-2 տուր կփորձենք անպայման անցել:
- Շատ էին լուրերը, որ Ռոմերոն ձմռանը հնարավոր է հեռանա «Փյունիկից». նրա հարցում ի՞նչ հստակություն կա:
- Ռոմերոն պայմանագիր ունի և եվրոլիգայի խաղերին անպայման կմասնակցի: Դրանից հետո արդեն հստակ կդառնա նրա նոր պայմանագրի կնքելու կամ չկնքելու հարցը:
- Իսկ Կառլեն Մկրտչյա՞նը.
- Ես ցանկանում եմ, որ Կառլենը մնա և մասնակցի եվրոլիգայի խաղերին: Կառլենը շատ է պետք հավաքականին:
- Այսօրվա խաղում երկու գոլերը Կամո Հովհաննիսյան – Ռազմիկ Հակոբյան համագործակցության շնորհիվ ստացվեց. ի՞նչ կասեք այդ մասով:
- Չէի ասի, թե միայն նրանց շնորհիվ էին գոլերը: Մարզումներին ինչի վրա աշխատում էինք, դա այսօր խաղադաշտում կիրառեցինք:
- Գավաթակիր դառնալուց 1 տարի անց, որպես գլխավոր մարզիչ, կրկին գավաթակիր դարձաք. ի՞նչ զգացողություններ կան:
- Ես շատ ուրախ եմ: Գավաթակիր դառնալն ինքնին քաղցրություն է: Կարևորը հասկանում ենք, որ ճիշտ ճանապարհին ենք: