Երևանի քաղաքապետարանը, շարունակելով «հին ավանդույթները», հիմա էլ հայտնվել է մեկ այլ պատմության կիզակետում: Պարզվում է` քաղաքապետարանում անցկացված մրցույթների մեծ մասը զուտ ձևական բնույթ է կրել:
Ըստ ՏՄՊՊՀ-ի հրապարակած տվյալների՝ Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով անցկացված 620 մրցույթներից շուրջ 357-ը (ընդհանուր մրցույթների 57%-ը) դուրս են եղել մրցակցությունից:
Նշենք, որ հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են հիմնականում 2011-2014թթ. ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, վերելակների, շենքերի տանիքների նորոգման, ինչպես նաև խաղահրապարակների կառուցման և այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթները, որտեղ ներկայացված ընկերությունները, ցանկանալով տպավորություն ստեղծել, թե իբր իրենց միջև առկա է բուռն մրցակցություն, շուկան բաժանել են միմյանց միջև` մեկը մյուսին զիջելով և հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում:
Հարկ է նկատել, որ իրապես մրցույթների բացակայությունը և քաղաքապետարանի կողմից իրականացված գործողությունները հանգեցրել են ինչպես պետական միջոցների անխնա և անարդյունավետ օգտագործմանն, այնպես էլ դաշտում անառողջ միջավայրի ձևավորմանը և լճացմանը:
Փաստորեն ստացվում է, որ քաղաքապետարանը ոչ միայն վերահսկողություն չի սահմանում իր կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ, այլև, մեղմ ասած, լուրջ չի վերաբերվում դրանց, ինչի վառ ապացույցն էլ ներկայումս ստեղծված բարձիթողի վիճակն է:
Եթե քաղաքապետարանը շարունակի նույն ոգով, ապա, ամենայն հավանականությամբ, կարճ ժամանակ անց կհայտնվի ՀՀ օրինախախտ հիմնարկների թոփ տասնյակի առաջին և պատվավոր հորիզոնականում: