Tert.am-ը գրում է.

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը օրերս կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հոսանքի սակագնի վերանայման, այն է՝ բարձրացման հայտով:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԲՑ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը:

Թե կոնկրետ քանի՞ դրամով է սակագնի վերանայումը տեղի ունենալու, ընկերության մամուլի քարտուղարը դժվարացավ պատասխանել, ինչպես նաև, թե ինչ հիմնավորումներով է հերթական անգամ բարձրանալու Հայաստանում հոսանքի սակագինը:

«Վերանայման հիմնավորումները չեմ կարող նշել, քանի որ հիմնավորումները շատ են: Հայցը պատրաստման փուլում է, մոտ ժամանակներս կդիմենք ՀԾԿՀ»,-ասաց Նատալյա Սարջանյանը:

Նշենք, որ օրեր առաջ նա «Ազատության հետ զրույցում նա նշել էր, որ պատճառը համակարգում էլեկտրաէներգիայի կորուստներն են, որոնց հետևանքով ՀԷՑ-ը տարեկան միլիարդավոր դրամների վնաս է կրում։

«Հիմնականը, որի մասին բազմիցս խոսել ենք, այն է, որ երեք տարի է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կորուստով է փակում, 10 միլիարդ դրամի չափով վնասով է աշխատում»,-ասել էր ընկերության մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինն արդեն2 անգամ փոփոխության է ենթարկվել։ Սկսած 2013 թվականի հուլիսից, բնակիչներին մատակարարվող էլեկտրաէներգիան թանկացավ մոտ 40 տոկոսով՝ 30 դրամից հասնելով 42-ի: Իսկ գիշերային ժամերին սակագինը բարձրացավ 60 տոկոսով։ 2013-ին և 2014-ին թանկացումները հիմնավորվեցին էլեկտրաէներգիայի կորուստներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել