2015 թվականի մայիսի 5-ին լրացավ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կողմից քաղաքական ուժերին տրված հանձնաժողովին առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը:
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը նախորդ տարվա ամառվանից բուռն ու հանգամանալից քննարկվել է մարզպետարաններում և թաղապետարաններում, իսկ արդեն հոկտեմբերի 15-ին ներկայացվել ՀՀ նախագահին, այնուհետև հրապարակվել: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայեցակարգին դրական եզրակացություն էր տվել Վենետիկի հանձնաժողովը` նշելով, որ առաջարկված բարեփոխումների նպատակները հիմնականում համապատասխանում են իր դիրքորոշումներին:
Հարկ է նկատել, որ Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, և նրանով է սահմանվում երկրի պետական կառուցվածքը, կառավարման համակարգը և իշխանության մարմինների աստիճանակարգությունը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունն, ինչպես նաև դատական համակարգը։
Մեկ բառով` Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։
Ուստի հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների կարևորությունը երկրի հետագա զարգացման գործում՝ պետք էր ենթադրել, որ քաղաքական կուսակցություններն, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ամեն դեպքում պարտավոր էին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ սահմանադրական գործընթացին, որը, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այդպես էլ չեղավ:
Իսկ ինչ վերաբերում է ներկայացվող առաջարկներին, նշենք, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին հայեցակարգի վերաբերյալ գրավոր առաջարկներ են ներկայացրել միայն «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» և «Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցությունը»:
Ներկայացված առաջարկները հիմնականում վերաբերում են օրենսդիր մարմինին, նրա կազմավորմանը, գործունեությանը, արդարադատության համակարգին, պետություն և պետական իշխանություն հասկացությունների հստակեցմանը, ինչպես նաև կառավարության և վարչապետի աշխատանքին:
Անդրադառնալով կուսակցությունների կողմից այդպես էլ չներկայացված ծրագրերին` փաստենք, որ սա այն դեպքն էր, երբ քաղաքական կուսակցություններն ամեն դեպքում պետք է վարեին ոչ թե կենտրոնախույս, այլ կենտրոնամետ քաղաքականություն` աջակցելով պետության հետագա հզորացմանն ու պետական համակարգի հետագա կառավարմանը:



