Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում ու մամուլում ակտիվ քննարկվում է Գոհար Ենոքյանի ձերբակալության թեման: Հիշեցնեմ, որ մայիսի 4-ի երեկոյան ձերբակալվել էր ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանը: Նախկին պատգամավորին ձերբակալել են ԲՀԿ-ական Կարո Կարապետյանին՝ Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստությանը մասնակցելու կասկածանքով:

Վերջին շրջանում բավականին հաճախ ենք լսում նման դեպքեր: Ակնհայտ է, որ այն իշխանությունների հետ մտերմություն անող գործարարները սկսել են ավելի հաճախ հայտնվել իրավապահ մարմինների կամ հարկային տեսչության ուշադրության կենտրոնում: 
Եթե մի պահ ետ գնանք, ապա կարող ենք մատնանշել մի քանի խոշոր գործարարների, ովքեր վերջին շրջանում հայտնվեցին իշխանական «բամփի» տակ` Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ), Կարո Կարապետյան (Յուվեցի Կարո), Հակոբ Հակոբյան (Ճոյտ) և այլն: 
Նրանց մի մասը խնդիրներ ուներ հարկային տեսչության հետ` միլիոնների հասնող հարկային պարտավորություններ, մյուս մասն էլ պատասխանատվության է ենթարկվել իր ոչ այնքան լուսավոր անցյալի համար: Ինչևիցե, անցնենք առաջ:

Հատկանշական է այն փաստը, որ վերոհիշյալ գործարարներն ու քաղաքական գործիչները մեծ հաշվով ոչ հասարակական կյանքի վրա էական ազդեցություն ունեցող մարդիկ են, ոչ էլ առանձնահատուկ կշիռ ունեին ընդիմադիր բևեռում: 
Սա նշանակում է, որ այս պարագայում չենք կարող դիտարկել այն փաստը, թե նրանք խանգարում էին իշխանական վերնախավին: Ի՞նչ է ստացվում… Ակնհայտ է, որ իշխանությունները սկսել են մաքրել «ավգյան ախոռները»:
Սա չի նշանակում, թե պետք է երկրում մտցնել ոստիկանական ռեժիմ, պետք է բոլորին ձերբակալել, երկրում հաստատել «օրենքով սահմանված բեսպրեդել», բայց եթե նպատակն ազնիվ է, ապա այն պետք է ընդգրկի ավելի մեծ շրջանակներ:

Հ.Գ. Սոկրատեսը մի առիթով ասել է. «Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել