Այսօր Հայոց պատմության ամենափառահեղ, բայց ոչ արժանի գնահատված ու ուսումնասիրված հաղթանակներից մեկի` Վանի հերոսամարտի հաղթանակի օրն է: Սա մայիսյան հաղթանակների շարքում այն բացառիկ հաղթանակներից է, որը ոչ միայն հնարավորություն տվեց մի քանի հարյուր հազար կյանքեր փրկել, այլ ապացուցեց դարավոր այն ճշմարտությունը, որ եթե հայը զենք է վերցնում, ապա հաղթում է: Այս հերոսամարտը ոչ փոքր ճակատամարտ էր, որն իր նախապատրաստության և իրականացման առումով բացառիկ էր: Շուրջ մեկ ամիս տևած այս ճակատամարտն իր մարտավարության առումով էլ զուտ պաշտպանական չէր ու մազապուրծի, փրկվողի հոգեբանություն չուներ: Վանի հերոսամարտը փառահեղ ճակատամարտ էր՝ փառահեղ հաղթանակով: Եթե այն դիտարկում ենք նաև Շատախի հերոսամարտի հետ միասին, իսկ այն պետք է այդպես դիտարկել, ապա կարելի է պնդել, որ մի ողջ գավառ ոտքի կանգնեց ու հաղթեց թուքական կանոնավոր բանակին: Իսկ դա նշանակում է՝ դա հնարավոր էր անել...
Սա բացառիկ հաղթանակ է, որի օրը երբեմն նշվում է նաև մայիսի 3-5, սակայն իրականում թուրքերին վերջնականապես հնարավոր եղավ դուրս շպրտել այսօր: Իսկ Շատախի հայությունը հաղթանակի հասավ մայիսի 12-ին, ինչը մի առանձին հաղթանակ է: Հիշենք ու նշենք մեր այս փառահեղ հաղթանակը, այն իրականացնողները Հայրենականի, Շուշիի, Ավարայրի ու Սարդարապատի մեր հայրերի ու պապերի նման հերոսներ են, հաղթող հերոսներ: Ամենուր պետք է նշել այս շարքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել