Հայկական բանակի մեզ հայտնի հնագույն ստորաբաժանումը նետաձիգներինն էր։ Այս մարտավարական միավորի որակական առանձնահատկություններն այնքան բարձր էին, որ դրանց մասին նշել են ոչ միայն հայկական, այլև օտարազգի պատմիչները։ Հենց այս զորատեսակին է վերագրվում Ք.Ա. 2492 թվականին տեղի ունեցած լեգենդար ճակատամարտում ունեցած որոշիչ դերը, որի արդյունքում բաբելոնցիների առաջնորդ Բելը սպանվեց Հայկի կողմից արձակված դիպուկ նետով։

Հենց այդ ճակատամարտում էլ կիրառվել է մեզ հայտնի առաջին մարտակարգը՝ սեպը, որի սայրին էր գտնվում անձամբ Հայկը։ Ինչպես վկայում է Խորենացին, հայկական աղեղները լայն էին (մինչև 2 մետր), իսկ նետերը եռաթև էին ու այնքան երկար, որ եթե անվնաս էին հայտնվում հակառակորդների մոտ, վերջիններս դրանք օգտագործում էին որպես տեգեր։

Боевая колесница ближневосточного типа (барельеф VIII века до н.э.) и фрагмент кольчуги
Մերձավորարևելյան տիպի մարտակառք (Ք.Ա. 8-րդ դարի որմնանկար)

Սակայն նետաձիգները միշտ եղել են աջակցող զորքեր, իսկ առաջատար դերը միշտ ծանր զինված մարտիկներինն էր, ու անտիկ Հայաստանն այս առումով բացառություն չէր։ Մինչև Ք.Ա. 1-ին հազարամյակ մեր բանակի գլխավոր մարտավարական միավորը մարտակառքերն էին, որոնց ստեղծման մեջ որոշիչ դեր խաղաց հենց Հայկական լեռնաշխարհում յուրացված երկաթագործությունը։ Մարտակառքերը մարտի էին նետվում կա՛մ հիմնական մարտակարգի թևերից, կա՛մ էլ հենց առջևից՝ խուճապ առաջացնելով հակառակորդի զորքերում, սակայն դրանք մի մեծ թերություն ունեին։ Ինչպես հունական ֆալանգան, այնպես էլ մարտակառքերը խիստ անարդյունավետ էին ոչ դաշտային պայմաններում։ Հռոմեացիներին հաջողվեց լուծել այդ խնդիրը՝ ֆալանգան բաժանելով ինքնավար կառավարվող փոքր միավորների, ինչի արդյունքում հռոմեական փառապանծ բանակի գրեթե բոլոր նշանակալից հաղթանակները հենց հետևակի շնորհիվ էին լինում։

Статуэтка воина. Кармир-Блур. VIII век до н.э. Шлем Сардури II. Найден при раскопках крепости Эребуни, VIII век до н.э.
Կարմիր Բլուրում հայտնաբերված զինվորի արձանիկ և Սարդուրի 2-րդ արքայի սաղավարտը (Ք.Ա. 8-րդ դար)

Անտիկ աշխարհում հեծելազորը սակավաթիվ էր ու որոշիչ դեր չէր խաղում։ Միայն Ալեքսանդր Մակեդոնացին էր, որ այն սկսեց հմտորեն կիրառել իր ֆալանգայի հետ համատեղ, ինչն անմիջապես տվեց իր արդյունքները, սակայն սկզբնական շրջանում միևնույն է՝ հեծյալ մարտիկների թիվը փոքր էր։

Մինչդեռ հին բանակներից առնվազն մեկում արդեն Ք.Ա. 1-ին հազարամյակից հեծելազորը հանդիսանում էր հիմնական հարվածային ուժը, և այդ բանակը հայկականն էր։ Այլ բանակներում հեծելազորի սակավաթիվ լինելու պատճառներից մեկն առավել քան տրիվիալ է. շատ հեծյալ զինվորներ ունենալու համար անհրաժեշտ էր շատ ձիեր ունենալ, ու ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում վաղուց արդեն հիանալի զարգացած էր ձիաբուծությունը, ինչի շնորհիվ հայկական բանակի կազմում մարտնչում էին տասնյակ հազարավոր հեծյալ մարտիկներ հատուկ ցեղատեսակի ձիերով։ Հատկանշական է, որ երբ Հայաստանը դարձավ Աքեմենյան Պարսկաստանի սատրապություն, բացի ոսկուց ու արծաթից՝ այն տուրք էր վճարում նաև ձիերով ու ջորիներով։

Այսպես, հայոց բանակում մարտակառքերն աստիճանաբար սկսեցին զիջել իրենց տեղն ավելի ճկուն և շարժունակ հեծելազորին, որին հայերն անվանում էին «այրուձի»՝ տղամարդ և ձի։ Հայկական այրուձին այնքան արդյունավետ էր, որ փառքով էր պսակում հայկական ռազմարվեստը նույնիսկ պետականության կորստից հետո։ Այրուձին բաղկացած էր առաջին հերթին ծանր հեծելազորից, որտեղ թե՛ մարտիկները, թե՛ մարտական ձիերը զրահավորված էին և զինված էին նիզակներով ու ծանր թրերով։ Այրուձին գրոհում էր կուռ շարքերով ու առավել հաճախ՝ սեպաձև շարքով։ Բազմահազարանոց զրահավորված հեծելազորի տեսքն արդեն իսկ բավարար էր ցնցելու բազմաթիվ բանակներ, ընդ որում՝ ոչ միայն հետևակին, այլև հակառակորդի ավելի թեթև հեծելազորին, որովհետև հարվածի ժամանակ այն պարզապես ցաքուցրիվ էր անում հակառակորդի մարտակարգերը, և դրանից հետո մնացած բանակին մնում էր պարզապես հետապնդել ու ոչնչացնել հակառակորդի ջլատված ուժերը։

Реконструкция орнамента на шлеме царя Сардури II
Սարդուրի II-ի սաղավարտի զարդաքանդակների ռեկոնստրուկցիան

Այրուձիի հաջորդ օղակը թեթև հեծելազորն էր, որը կոչված էր ապահովելու մաքսիմալ շարժունակություն ու զրահավորված չէր։ Ձիերը համապատասխանում էին այս պահանջներին. ցածրահասակ էին, թեթև ու արագավազ։ Թեթև հեծելազորի հիմնական զենքերը նետը, աղեղն ու թուրն էին։ Այս միավորն ապահովում էր ամբողջ բանակի կարգը, կատարում էր հետախուզական ֆունկցիաներ, հետապնդում էր հակառակորդին ու թույլ չէր տալիս, որպեսզի նրանք վերախմբավորվեն։ Որպես կանոն, հայկական թեթև հեծելազորը գրոհում էր խառը շարքով՝ հնարավորինս շատ տեղաշարժվելով ու չխրվելով մերձամարտի մեջ։ Ի դեպ, դարեր անց հենց այս մարտավարության շնորհիվ մոնղոլները գրավեցին աշխարհի կեսը։

Այրուձիում ընդգրկվում էին բացառապես ազնվական տների ներկայացուցիչները, որոնց դաստիարակության անբաժանելի մասն էր կազմում հենց ձիավարության ուսուցումը։ Պատերազմի ժամանակ հավաքագրվում էր նաև ցածր խավերի ներկայացուցիչներից բաղկացած այրուձի, որն անվանում էին ռամիկական այրուձի։ Հեծելազորը մշտապես գտնվում էր արքայական վերահսկողության ներքո, իսկ հայոց արքաները հաճախ անձամբ էին կազմակերպում ու վերահսկում այրուձիի հավաքներն ու զորավարժությունները։ Բանակը մշտապես հանդիսացել է հայկական պետության առաջնային հենասյունը։

Այրուձին լիովին համապատասխանում էր անպարտելի լինելու մասին իր համբավին։ Օրինակ՝ Ք.Ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած Գավգամելայի ճակատամարտի ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի ձախ թևը՝ Պարմենիոնի հրամանատարության ներքո, չդիմացավ ու փախուստի մատնվեց հայկական հեծելազորի հարվածների պատճառով, և հայերը դուրս եկան մակեդոնական զորքի թիկունք, ու եթե մյուս թևում պարսիկները խուճապի մատնվելով չփախչեին, ապա այդ օրը կլիներ Մակեդոնացու փառքի վերջնակետը։

Իսկ Ք.Ա. 68 թվականին Արածանիի ճակատամարտում Տիգրան Մեծը ջախջախեց Լուկուլոսի հռոմեական լեգեոնները՝ կիրառելով բացառապես հայկական հեծելազորը, ինչը եզակի դեպք է պատերազմների պատմության մեջ։ Ծանր հեծելազորը ցրեց հռոմեացիների կարգերը, իսկ թեթևը վերջնականապես ջախջախեց նրանց։ Հռոմեացիները մարտի դաշտում թողեցին 7000 դիակ և խուճապահար փախան Հայաստանից։

Հայկական այրուձին այնքան էր կարևորվում այդ տարիներին, որ հռոմա-պարթևական, իսկ այնուհետ նաև պարսկա-բյուզանդական դիմակայությունների ժամանակ գերտերությունները ձգտում էին իրենց կողմը գրավել հայերին։ Ի դեպ, Կրասոսի արշավանքի ֆիասկոն հենց հռոմեական պատմիչներն են պատճառաբանել նրանով, որ նա ձախողվեց հայերի ընկերությունը շահելու հարցում։

Հայտնի է, որ նույնիսկ Արշակունիների անկումից հետո թե՛ պարսիկները, թե՛ բյուզանդացիները շարունակում էին օգտվել հայկական հեծելազորից՝ շռայլորեն վարձատրելով նրանց դրա համար։ Միևնույն ժամանակ սեփական գերիշխանությունն ապահովելու համար պարսից արքունիքը կրճատեց հայկական այրուձիի քանակությունը մինչև 30000 մարտիկի, իսկ ավելի ուշ՝ արաբական գերիշխանության օրոք, այս թիվը հասցվեց 15000-ի։ Հարց է առաջանում, այդ դեպքում որքա՞ն էր այրուձիի քանակը մինչ այդ։ Հայտնի է, որ օրինակ Պապ թագավորի օրոք հայկական հեծելազորի թիվը 90000-ի էր հասնում։ Ի դեպ, Բյուզանդական կայսրության կայացման տարիներին բյուզանդական միապետերն իրենց թիկնազորներն ու պալատազորը հավաքագրում էին բացառապես հայերից, ու այս տենդենցը միայն ավելի սաստկացավ, երբ իշխանության եկան հայկական տոհմերի ներկայացուցիչները։

Բյուզանդացի կայսրերը ոչ միայն իրենց մայրաքաղաքն ու արևելյան տիրույթներն էին հայկական խոշոր զորքերով պաշտպանում։ Օրինակ՝ Հուստինիանոս 1-ին կայսեր օրոք մի քանի հայկական բանակներ ազատեցին Իտալիան գոթերից, իսկ նրանց զորահրամանատարը՝ Ներսեսը, նշանակվեց այդ արևմտյան պրովինցիայի ղեկավար։ Հայկական ստորաբաժանումների անվախության մասին լեգենդներ էին հյուսվում, իսկ Բյուզանդական կայսրության հազարամյա պատմության ընթացքում ավելի քան 100 հայ զորահրամանատարներ պսակեցին իրենց անունները մեծ զորավարների և ծովակալների փառքով։

Всадники в боевом снаряжении.Горельеф двери монастыря Сурб Аракелоц в Муше, 1134г.
Հեծելազորը ճակատամարտում. Մշո Սուրբ Առաքելոց վանքի դռների գորելյեֆ՝ 1134թ.

Բյուզանդական կայսրության թուլացումից հետո հայկական հեծելազորից սկսեցին ակտիվորեն օգտվել Եգիպտոսի խալիֆները, ովքեր հայկական այրուձիի օգնությամբ տիրացան Կահիրեին ու Ալեքսանդրիային, ճնշեցին բեդվինների ապստամբությունը վերին Եգիպտոսում, իսկ հայերի զորահրամանատարը ստացավ խալիֆայության վեզիրի պաշտոնը և երկար տարիներ կառավարում էր երկիրը…

Հայկական այրուձին վերջին անգամ փառքով պսակեց իր անունը Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանում, որի անկումից հետո պատմության ասպարեզից հեռացավ նաև մեր այրուձին, չնայած որ մերթընդմերթ հանդիպում են հիշատակումներ դրա մասին այլ բանակների կազմում։ Մասնավորապես հայտնի է, որ հայկական այրուձին մասնակցել է Գրյունվալդի ճակատամարտին ռուս-լեհա-լիտվական զորքի կազմում՝ ընդդեմ գերմանացիների ու անօրինակ տոկունություն և խիզախություն է ցուցաբերել մարտի դաշտում, իսկ Պետրոս Մեծի հրամանով ռուսական բանակում ստեղծվեց Հայկական էսկադրոն, որն այնքան մեծ փառք վաստակեց, որ դրա վետերաններին ցմահ լրիվ զինվորական դրույք էր հատկացվում թոշակի փոխարեն։

Ի գիտություն
Պահապանվել և մեզ է հասել կարևորագույն մի պատմական փաստաթուղթ՝ Զորանամակը, որը հստակ նկարագրում ու թվում է Հին Հայաստանի զորքը, դրա թվակազմը և կազմակերպչական առանձնահատկությունները։ Այս փաստաթուղթն իրենից ներկայացնում էր 4 մասի բաժանված աղյուսակ՝ համաձայն Մեծ Հայքի 4 զորավարությունների՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դարպասների։ Յուրաքանչյուր զորավարություն կազմված էր 21-22 նախարարություններից, և փաստաթղթում նշված էր դրանցից յուրաքանչյուրի զինված ուժերի քանակը։

Համաձայն մեզ հասած միակ զորանամակի՝ միջնադարյան Հայաստանում Արշակունիների օրոք բանակի ընդհանուր ուժը կազմում էր 124 հազար զինվոր, որոնցից 84.000-ը նախարարական զորքեր էին, իսկ 40.000-ը՝ պալատական ու մարդպետական։ Արտաքին վտանգի ծագման դեպքում նախարարները հավաքում էին իրենց զորքը և տեղակայում դրանք Զորանամակում նշված վայրում, իսկ հարկ եղած դեպքում արքայի կամ էլ սպարապետի հրամանով օգնում էին այլ նախարարական զորքին։ Զորանամակները գործում էին մինչև Արշակունիների արքայատոհմի անկումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել