![]() |
![]() |
Ջոնո Հոլթենը որոշել էր մի լավ զվարճանալ ընկերների հետ։ Ոգելից խմիչքները գետի պես հոսում էին, և երիտասարդներն այնքան ոգևորված էին, որ որոշեցին անմոռանալի դարձնել գինարբուքը։ Ջոնոն դեռ երկար չի մոռանա այդ օրը, քանի որ սարսափելի ցավերն ու սպիերը շարունակ հիշեցնում են նրան իր հիմարությունը։ Տղան մի լավ հարբեց ընկերական միջավայրում ու որոշեց արդեն կամաց-կամաց տաղտկալի դարձող երեկույթի մեջ բազմազանություն մտցնել։ Նա մարմինն օծեց դեզոդորով ու խնդրեց ընկերներին իրեն կրակի տալ։ Նա բառացիորեն հորդորում էր ընկերներին կրակ վառել իր՝ դեզոդորով օծված ոտքերի ու թիկունքի մոտ։
![]() |
![]() |
Սկզբում նրանք այս կերպ կատակում էին, սակայն ընդամենը մի քանի րոպե անց այս ամենն արդեն ծիծաղելի չէր։ Ջոնոյի ողջ մարմինն այնպես էր այրվում, որ ծիծաղին փոխարինեցին աղեկտուր ճիչերը։ Շուտով Ջոնոյի հարբած ընկերները զգաստացան ու հասկացան, որ սեփական ձեռքերով վառել են իրենց մտերիմ ընկերոջը։ Տղային տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ պարզ դարձավ, որ նրա մարմնի ուղիղ կեսը պատված էր երրորդ աստիճանի այրվածքներով։ Հարցազրույցներից մեկի ընթացքում Ջոնոն խոստովանել է, որ սա իր համար բավականին ցավոտ դաս եղավ։ Հիմա նա արդեն մի լավ ծանրութեթև կանի ալկոհոլի շիշը ձեռքն առնելուց առաջ։

Պատահարի ժամանակ Ջոնոն այնքան հարբած էր, որ հետագայում անգամ չէր էլ հիշում հրդեհի մանրամասները։ Այնուամենայնիվ, նա աղոտ մտաբերում էր, որ խնջույքի մասնակիցներից մի քանիսն իրեն զգուշացնում էին, որ դա վատ միտք է, սակայն ինքն անդրդվելի էր։ Ջոնոն իր խոսքում մասնավորապես նշել է.

Ես արդեն մի քանի բաժակ խմել էի ընկերոջս տանը, իսկ հետո մենք միասին խնջույքի գնացինք։ Ես իրար էի խառնել մի քանի խմիչք՝ օղի, գարեեջուր և այլն։ Խնջույքին մոտ 15 մարդ էր մասնակցում, սակայն հրավիրվածների կեսը հեռացան տասի կողմերը։ Մենք խարույկ էինք վառել, ու խարույկի բոցերին նայելով՝ ես հղացա ինքս ինձ կրակի տալու խենթ գաղափարը։

Որոշ մարդիկ ասում են, որ Ջոնոն դարձել է այսպես կոչված «Fire Challenge»-ի (թարգմանաբար՝ կրակի մարտահրավեր) զոհը։ Սա մի նոր ու վտանգավոր խենթություն է, որը վերջերս տարածում է ստացել ԱՄՆ-ում։ Այս մարտահրավերն ընդունողներն իրենք իրենց կրակի են մատնում ու նկարահանում ընթացքը։

Ջոնոն ու իր զվարճասեր ընկերը հիվանդանոցում
Այնուամենայնիվ, Ջոնոն ինքն ասում է, որ իր գործողությունները տեղի են ունեցել սոսկ հարբածության պատճառով ու ոչ մի կապ չունեն կրակի մարտահրավերի հետ։ Խնջույքի հարբած մասնակիցներից ոմանք Ջոնոյին օգնություն ցույց տալու փոխարեն նկարահանում էին, թե ինչպես է նա այրվում։

Ջոնոն խուճապահար վազում էր, ապա նետվեց խոտի վրա, մինչ կրակը տարածվում էր ողջ մարմնով մեկ։ Ջոնոյի ընկերները ևս խուճապի մատնվեցին ու փորձեցին ձեռքի տակ եղածով հանգցնել կրակը։ Բարեբախտաբար, շտապօգնությունը շատ չուշացավ, ու հնարավոր եղավ Ջոնոյին կայուն առողջական վիճակով տեղափոխել հիվանդանոց։ Ջոնոյի ընկերներին ներգրավեցին դատավարության մեջ, նրանցից մեկին էլ կալանավորեցին։ Այդ ընկերն արդեն ազատ է արձակվել, իսկ Ջոնոն էլ ապաքինման փուլում է։







