AJGalatv.am-ը գրում է.

ԱԺ նիստը սկսելուն պես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր քվեարկության կդրվի կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը քննարկվեց երեկ: «Գրանցվել է 109 պատգամավոր, կա քվորում»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

«Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությամբ, հիշեցնենք, որ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:
Սրանով կառավարությունն ուզում է, որ արտերկրում աշխատողներն էլ ՀՀ-ում օրինական ձեւակերպում ստանան, եւ պետբյուջե վճարվի եկամտահարկ:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման եւ այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոս:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խուլիգանություն համարեց տեղի ունեցող պրոցեսները, բարձրաձայնեց, որ նախագիծը հակասում է ԵՏՄ օրենքին:

«Սա փաստորեն աշխատուժի տեղաշարժման նկատմամբ հարկ է: Դուք ասում եք՝ հայ ժողովուրդ, ձեր համար նույնիսկ ԵՏՄ չկա, ոչ միայն Եվրոպա չկա, այլ նաեւ ԵՏՄ չկա, առաջարկում եմ չանել այս բանը»:

ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ եթե ունեն արժանապատվություն, մերժեն կառավարության ներկայացրած նախագիծը: Ի պատասխան, Գալուստ Սահակյանը հորդորեց չխոսել արժանապատվությունից:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն առաջարկեց զարգացնել նախագիծը, բայց ոչ թե կտրուկ մերժել: Նշեց, թե խեղաթյուրվում է նախագծի բովանդակությունը, ճիշտ չի ներկայացվում հասարակությանը:

Ժառանգության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը բնական համարեց նախագծի նկատմամբ բացասական վերաբերմունքը, քանի որ այն ներկայացվել է թաքուն եւ ընթացս, ոտքի վրա դրվում է քվեարկության: «Խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Խաչատուր Քոքոբելյանին զարմացնում է օրենքի երեկվա փաթեթավորումը. «Իհարկե, խնդրահարույց լուրջ խնդիրներ կան, եւ ես հորդորում եմ, որ երկրորդ ընթերցման ժամանակ ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերենք եւ հասկանանք՝ ինչ ենք շահում: Պետք է գնահատենք, թե ինչ ենք ստանալու մենք»:

Հանրապետական Վարդան Այվազյանը նշեց, որ օրենքում որեւէ վատ բան չկա, պարզապես հնարավորություն ենք տալիս ընտրություն կատարել՝ վճարել այստեղ, թե այնտեղ. «Եզան տակ հորթ ման գալ պետք չէ: Հանրապետականը կողմ է քվեարկելու»,-հայտարարեց Այվազյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավելեց. «Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ ով չի ցանկանում հասկանալ, ապատեղեկատվություն է տալիս եւ հանրությանը, եւ մամուլին: Օրենքը մասնագիտական տեսանկյունից բավականին հաջողված օրենք է, եթե բողոքներ կան ընթացակարգի հետ կապված, դա այլ հարց է, դրա համար չի կարելի վնասել օրենքը: Այդ իսկ պատճառով մենք ունենք ժամանակ: Եթե կան ինչ-որ տարաձայնություններ կամ ճշտելու բաներ, դրա համար պետք չէ կոչ անել, որ օրենքը վերացնեն: Մենք բոլորս կողմ ենք քեարկելու, եւ խորհուրդ եմ տալիս, որ դուք եւս կողմ քվեարկեք եւ չվնասեք օրենքը ձեր ամբիցիաների պատճառով»:

Նախագիծը դրվեց քվեարկության, եւ 65 կողմ, 16 դեմ եւ 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել