Tert.am-ը գրում է.

Ժամանակին Հայ առաքելական եկեղեցին ունեցել է կին հոգևորականներ` սարկավագուհիներ, և այսօր էլ քննարկվում է այդ հարցը. qahana.am կայքի հետ զրույցում Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանի պատասխանել է այն հարցին, թե ինչու Հայ առաքելական եկեղեցին կին հոգևորական չունի ու եթե ամենուրեք հայտարարվում է, թե Աստծո առաջ բոլորը հավասար են, բայց հենց հերթը հասնում է եկեղեցուն, ապա հենց այստեղից էլ սկսվում է տղամարդկանց և կանանց անհավասարությունը»:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին ունի նաև միանձնուհիներ, որոնք հոգևոր ծառայություն են իրականացնում:

«Եթե կլինեն ցանկացողներ, կարող է այս մարդկանց թիվն ավելանալ, այսինք` կնոջ ծառայությունը մեր եկեղեցում երբեք արգելված չէ, այսօր մեր համայնքներում, մեր ծխական կյանքում կանանց դերը շատ մեծ է»,- ավելացրեց քահանան:

Տեր Եսայի Արթենյանը պատասխանելով հարցին, թե ինչու կին քահանաներ չկան, մեջբերեց երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետի պատասխանը. «Հայ կինը իր ընտանիքի քահանան է` օծված մայրական իր սիրով»:  Ինչ վերաբերում է եկեղեցում կանանց և տղամարդկանց միջև անհավասարության հարցին, ապա ասաց. «Այսկերպ կարող ենք մտածել, եթե մենք ծանոթ չենք եկեղեցու պատմությանը, և առհասարակ, քրիստոնեությանը, որովհետև, ընդհակառակը, եկեղեցում տղամարդը և կինը հավասարվում են: Այստեղ տղամարդ և կին անհավասարությունն է վերանում: Եվ Պողոս առաքյալն իր նամակներից մեկում շատ հստակ ասում է, որ այլևս չկա խտրականություն` տղամարդու և կնոջ միջև»:

Այսինքն, ըստ քահանայի, եկեղեցում է, որ այդ անհավասարությունը լուծվում և վերանում է: Իսկ կնոջը, երբ թույլատրված չէ հոգևորական լինել դեռ չի նշանակում, որ դա անհավասարություն է:

«Շատ բաներ էլ կան, որ կանայք կարող են անել, տղամարդիկ չեն կարող անել, և հիմա այս պարագային չենք կարող ասել, որ այստեղ կա անհավասարություն»,- ասաց քահանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել