Tert.am-ը գրում է.
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով` ԱԺ արտահերթ նիստում այսօր Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի ներկայացրած եկամտահարկի և շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, ասաց, որ սա նոր մշակույթ է, որը մեզ համար կարող է հեշտ չընդունվել և մեծ դժգոհություն առաջացնել:
«Դա կամավորության սկզբունքով է, և դեռ պարտադրական մեխանիզմ չի կրում: Օրենքին դեռ պետք չէ վատ վերաբերվել, օրենքն ասում է, որ ովքեր որ կձևակերպեն, 13 տոկոսի իրավունքից կօգտվեն: Եթե հանկարծ օրենքը պարտադիր դառնա, կառաջացնի ճգնաժամային վիճակ, սակայն կարծում եմ, որ այդպես չի լինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությամբ առաջարկվում է շահութահարկի 5 տոկոս և եկամտահարկի 13 տոկոս դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանք են կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս:
Գագիկ Մակարյանը նշեց, որ շատ երկրներում այդ մշակույթը կիրառվում է, որովհետև երկրները փորձում են միգրացիոն աշխատուժը կանոնակարգել, իսկ մեր երկրում դա կանոնակարգված չէ: Նա նկատեց, որ մինչ այս` Հայաստանի պետությունը սահմանափակվել է տրանսֆերտների հոսքով, իսկ երբ կառավարությունը վիզաների հեշտացման գործընթաց սկսեց ԵՄ-ի հետ, կնքեց նաև մի քանի երկրների հետ աշխատուժի փոխանակման պայմանագրեր, որը պետք է շարունակական լինի, և դրա նպատակը աշխատանքային միգրացիան կանոնակարգելն է:
«Խոսքը նրա մասին է, որ այդ փոփոխությունները նաև բյուջեի համար եկամուտներ ապահովեն` կանոնակարգելով այդ պրոցեսը և շահագրգռելու համար գործատուին, որ ոչ թե միջինով 24,4% եկամտահարկ վճարի, այլ վճարի 13%, եթե ինքն է ամեն ինչ ձևակերպում և իր միջոցով է աշխատուժը տեղափոխվում այլ երկիր` աշխատելու համար»,-ասաց նա և նշեց, որ այդ մշակույթը պետք է աստիճանաբար զարգացնել:
Ինչ վերաբերում է հարցին, թե տվյալ երկրի կողմից դժգոհություն չի լինի, եթե եկամտահարկը, շահութահարկը գանձվի Հայաստանում, նա ասաց.«Այդ ամենը կկանոնակարգվի` այդ օրենքից բխող համաձայնագրերով, որոշումներով»,-ասաց նա և նշեց, որ նույն կերպով էլ այլ երկրի քաղաքացիներ, երբ գալիս են այստեղ աշխատելու կրկին սահմանված կանոնների շրջանակում են աշխատում, որոնց մյուս պետություններն արդեն ծանոթ են և հեշտությամբ կվերաբերեն:
«Մենք այսօր շատ ենք խոսում միգրացիայի մասին, սակայն աշխատանքային միգրացիայի մասով մենք ունենք բավականին չկանոնակարգված, չհաշվարկված խնդիրներ, իսկ սա որոշակի հաշվառման մեխանիզմներ է իր պարունակում, որովհետև եթե հարկեր կան, կարելի է նաև թվերը հաշվել»,- ասաց նա և նկատեց, որ բոլոր երկրները պայքարում են անկանոն միգրացիայի դեմ, քանի որ դա իր մեջ նաև ստվերայնություն է պարունակում:
Հարցին, թե այս փոփոխության արդյունքում կարող է արտագնա աշխատողը տուժել, Գագիկ Մակարյանն ասաց, որ արտագնա աշխատողը մի տեղ շահում է, մի ուրիշ տեղ տուժում է: Նա պարզաբանեց, որ եթե արտագնա աշխատողը ձևակերպված չէ, կարող է ավելի շատ եկամուտ ապահովել կամ հարկերը չմուծել, սակայն այլ դեպքերում, երբ հիվանդանում է, աշխատանքային հարաբերություններում կոնֆլիկտներ է ունենում, հարկադիր աշխատանքի կամ այլ դեպքերի է ենթարկվում, չի կարող իր իրավունքների շրջանակում այդ հարցերը լուծել: Ըստ նրա նպատակը` մոտիվացիոն մեխանիզմները լավացնելն է, որի արդյունքում երկու կողմն էլ կշահի:



