Եթե բացենք ԾԻԳ կոչվող հապավումը, ապա կստանանք «Ծրագրերի իրականացման գրասենյակ» տարողունակ մի անվանում: 
Եվ եթե պարզենք նաև, թե ինչպիսի խոշոր ծրագրեր են իրականացնում այդ գրասենյակները, առողջապահական, սոցիալական խնդիրներից մինչև շինարարական խոշոր նախագծեր, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի նման շինարարություն, ապա հասկանալի կդառնա, թե ինչու, կառավարությունում քննարկելով նրանց գործունեության հաշվետվությունները, Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով կատարած աշխատանքը և աջակցություն հայտնելով, ասել է, որ ոչ օբյեկտիվ պատճառներով թերացումների պատասխանատուները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության:

Ավելին, հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարի դիրքերից վարչապետը ԾԻԳ-երի ներկայացուցիչներից պահանջել է զերծ մնալ որևէ տեսակի կոռուպցիոն դրսևորումներից և հատուկ ընդգծել, որ հատկապես այս հարցում լինելու է առավելագույնս հետևողական: Վարչապետը նաև կարևորել է ԾԻԳ-երի կողմից իրականացվող բոլոր գործընթացների թափանցիկությունը:

Հ.Գ. Եթե վարչապետը որևէ օղակից պահանջում է զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից, ապա պետք է ենթադրել, որ լուրջ հիմնավորումներ կան: Ուստի, գործընթացների թափանցիկության անհրաժեշտությունից ելնելով, պետք է հուսալ, որ առաջիկայում կիմանանք նաև վարչապետի վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել