1in.am-ը գրում է.
Ռուսական երկու Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներ ներխուժել են Ալյասկայի երկնքում ԱՄՆ հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի: Այս մասին հայտնում է The Washington Free Beacon-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 22-ին: Ամերիկյան կործանիչները ռմբակոծիչները բռնելու համար օդ չեն բարձրացել: ՀՕՊ նույնականացման գոտին որևէ պետության օդային տարածքը չէ:
Տու-95-ի ներխուժումը ԱՄՆ ՀՕՊ գոտի, որն ամերիկացի զինվորականները դիտարկում են որպես ռուսական հեռահար ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունների գարնանային փուլի սկզբի ազդանշան, այս տարի առաջին նման դեպքն է:
Անցած տարի, Օդատիեզերական պաշտպանության հյուսիսամերիկյան հրամանատարության ներկայացուցիչ Ջեֆ Դևիսի տեղեկությամբ, 6 դեպք է գրանցվել, երբ ռուսական ռմբակոծիչներին բռնելու համար օդ են բարձրացել ամերիկյան կամ կանադական կործանիչներ, ինչպես նաև առնվազն 10 դեպք, երբ ռուսական հեռահար ավիացիայի ինքնաթիռները ներխուժել են ՀՕՊ գոտի: