Դու և քո խիղճը, Նեզատ Ուստյուն, դու և քո խիղճը…

Մեզանում տնտեսության ոլորտներում առկա աղետալի վիճակի բուն պատճառները պետք է փնտրել քսան տարի առաջ մեր «երիտասարդ ռեֆորմատորների» վարած անշնորհք, անհեռատես, ես կասեի՝ անգամ միտումնավոր վնասարար գործունեության մեջ: Այսօր չեմ ցանկանում խոսել այս տարիներին ազգիս հոգևոր-բարոյական հարթություններում կրած, հավանաբար արդեն անդարձ կորուստների և անվերականգնելի անկումի մասին, այլ միայն տնտեսականի՝ քաջ գիտակցելով, թե ինչ արժեք կարող են ունենալ նյութական ձեռքբերումները, ինչպիսիք էլ դրանք լինեն, եթե կատարվեն հասարակության հոգեվիճակում առաջացած բացասական և կործանարար փոփոխությունների հաշվին: Չէ՞ որ ասված է. «Ի՞նչ օգուտ է մարդու, եթե ողջ աշխարհը ստանա, բայց իր անձը կորցնի»: Սակայն փորձեմ խոսել միայն տնտեսությունից և մասնավորապես՝ շաքարից, քանզի խոսքը գնում է շաքարի, նվազագույն զամբյուղի կարևոր մի մթերքի, նրա արժեքի, երկրորդ գործարանի մասին:
Երկրաշարժից անմիջապես հետո բոլորիս հիշողության մեջ են տոտալ շրջափակման, ցրտի ու խավարի, անհավասար պատերազմի, ինչպես նաև ոչ միայն բնական, այլ արդեն մարդկային գործոնով պայմանավորված և հանրային ունեցվածքի սեփականաշնորհմամբ, այսպես կոչված, «ազգային բուրժուազիայի»` ներկայիս բաշիբոզուկների ձևավորման միջոցով, երկրի` սեփական հայրենիքի ավիրման և ավԱրման սկզբի մղձավանջային տարիները: Այս տարիներին էր, որ աշխատող գործարաններն ու ֆաբրիկաները կանգ էին առնում, աննշան գներով վաճառվում ատկատ տվողներին, ամեն ինչ փոշիացվում էր և անգամ այն ամենակարևոր, մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող միավորները, որոնք հնարավոր էր և անհրաժեշտ էր պահպանել, կամ աղետի հետևանքով վնասվածները` փոքր ջանքերով վերականգնել ու գոնե մարդկանց մի որոշակի զանգվածի ապահովել նվազագույն ապրուստով չվերականգնվեցին, չպահպանվեցին: Այսպիսի մոտեցման մի շատ ցայտուն օրինակ է Սպիտակի շաքարի ճակնդեղի վերամշակման գործարանի վերականգման խնդիրը, որտեղ երկրաշարժից հետո միայն շենքն էր վնասվել, իսկ սարքավորումը`ոչ /այդ սարքավորումը հետագայում վաճառեցին Վրաստանին թե Ղազախստանին, կարևոր չէ թե ում/: Եվ երբ հարց առաջացավ վերականգնել այդ գործարանը թե ոչ, այն ժամանակների ամենախելացի համարվող մարդը` մեր վարչապետը, գործածելով մաթեմատիկոսի իր ողջ հմտությունը և մաթեմատիկոսին հատուկ ֆորմալ տրամաբանությունը եզրակացրեց, որ դրանում`այսինքն վերականգնելու մեջ ինքը իմաստ չի տեսնում, քանի որ այդտեղ վերամշակված շաքարը կազմում է հանրապետության կարիքների մի քսան թե երեսուն տոկոսը միայն և եթե մնացածը պետք է ներկրենք ապա կներկրենք մի փոքր ավելի և վերջ: Շատ տրամաբանական էր, սակայն միայն այդքանը: Իրոք որ համակարգային մտածողության իսպառ բացակայություն, երկիրը, ժողովրդին, տնտեսությունը, մի փոխկապակցված համակարգ, որպես մեկ ամբողջություն տեսնելու անկարողություն, ես կասեի կուրություն: Այս մոտեցման արդյունքն իրեն երկար սպասել չտվեց: Ամբողջ մի շրջան մատնվեց անգործության, քանզի այդ շրջանի ազգաբնակչության մեծ մասը զբաղված էր, հմտացած և ապրում էր շաքարի ճակնդեղ աճեցնելով և նրա վերամշակմամբ: Ավելին` պարզվեց, որ այդ շրջաններում բացի ճակնդեղից ու կաղամբից ուրիշ ոչինչ լավ չի աճում և ձեզանից շատերը կմտաբերեն այդ տարիները, եթե աշնան բերքահավաքի ժամանակ անցել են Գյումրի-Վանաձոր ճանապարհով, կհիշեն կաղամբի այն հսկա բլուրները որոնք առաջացել էին կաղամբի գերարտադրման` այդ անհեռատես մտածելակերպի հետևանքով: Դժբախտաբար, այսպի կամ նման մոտեցումները գերակշռում էին անխտիր բոլոր ոլորտներում, ամեն տեղ, որտեղ կարելի էր մի փոքր խելք բանեցնելով, կամ լորջ մարդկանց խորհուրդները հաշվի առնելով, առավել նպաստավոր/պարզ է որ երկրի համար/ լուծումներ գտնել, չգիտես ինչու գտնվում էին ամենաանհավանական, ամենից անտրամաբանական, ամենից մեծ և անդարձելի վնասներ հասցնող լուծումները: Եվ քանի որ սրանց հաջորդող վարչակարգերի մոտեցումները փաստորեն ոչնրով չէին տարբերվում ընդունված, և ամենակարևորը, այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի կողմից հավանության արժանացած մոտեցումներից, մենք ունեցանք այն, ինչ մեծ հաշվով ունենք այսօր, համատարած գործազրկություն, կոլապսի ենթարկված տնտեսություն, արդյունաբերություն և մեկը մյուսին հաջորդող կառավարություններ, որոնք ահա արդեն քսան տարի շարունակ տնտեսությունը վերագործարկելու, վերակենդանացնելու ապարդյուն փորձեր են կատարում: Եվ առավել հատկանշականն այն է, որ այդ փորձեր կատարելը մենք վստահում ենք կամ իրենք ցանկանում են, որ վստահենք այդ նույն մարդկանց: Նրանք կամ այսօր են պաշտոններ զբաղեցնում, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ազգային ժողովականներ, հանրային խորհուրդի աթոռներին բազմողներ են և կամ երեկ էին, իսկ այսօր ընդդիմություն են և վաղը նորից իշխանություն են դառնալու: Ամենացավալին այն է, որ այս մարդկանց մոտ բացակայում է անգամ խղճի զգացումը, այլապես կփորձեին գոնե գիտակցել իրենց մեղքի չափը և հրապարակավ զղջումից ու ապաշխարհումից հետո միայն նոր իրավունք կունենային ինչ որ բանի մասին խոսել ժողովրդի հետ:

Սրանց, ավելի լավ քան Հրանտ Մաթևոսյանը կասեր` չի ասվի. Դու և քո խիղճը, Նեզատ ՈՒստյուն, դու և քո խիղճը, ուրիշ ոչ ոք քեզ ոչինչ չի կարող ասել:
Еще
Շաքարավազ արտադրելն ավելի էժան է, քան ներմուծելը. Արտակ Շաբոյան | Լուրեր Հայաստանից - NEWS.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել