Գրեթե օր չի լինում, որ տևական ու սողացող պատերազմի մեջ ընկղմված Սիրիայից տխուր ու ողբերգական լուրեր չստանանք: Հայաշատ Հալեպից որ՝ հաստատ:
Վերջին խոշոր պատահարն օրերս էր: Ինչպես հայտնի է, ապրիլի 28-ին Հալեպում զինյալները պայթեցրել և հողին են հավասարեցրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիայի թեմի Սրբոց Քառասնից Մանկանց առաջնորդանիստ եկեղեցին, որն, ի դեպ, 15-րդ դարում է կառուցված: Միայն զանգակատունն է կանգուն մնացել:
Ճիշտ է, այս դեպքում զոհերի մասին, համենայն դեպս հայության շրջանում ֆիզիկապես տուժածների մասին տեղեկություններ չկան, բայց դաժան եղելությունն ինքնին ստիպում է սթափվել ու վերստին բարձրաձայնել Սիրիայի մեր հայրենակիցների ծանր կացության մասին: Բարձրաձայնելն ու հանգստանալը, սակայն, կարծում ենք, արդեն խիստ անբավարար են:
Այս վերջին պայթյունը, որ անկասկած հստակ ուղղորդված ու հենց հակահայկական ակցիա է եղել, կարծում ենք, պետք է ստիպի առավել քան լրջորեն մտածել սիրիահայության հարցում շատ ավելի գործնական ու համալիր քայլեր կատարելու մասին, քան մինչև հիմա արվածն է:
Սկզբունքորեն խնդիրը հանգում է մեր հնարավոր քայլերի նպատակադրումներին: Դրանք, ի վերջո, երկուսն են. մեր ազգակիցներին օգնել Սիրիայում և նպաստել, որ պահպանվի հայության ինքնակազմակերպված համայնքը, միաժամանակ համակողմանի աջակցել բոլոր այն հայերին, ովքեր ցանկանում են վերաբնակվել Հայաստանում:
Մեկը մյուսին, կարծում ենք, չի հակասում, հնարավորության դեպքում կարելի է գործել երկու ուղղություններով էլ: Ըստ որում, ասելով՝ «մեր հնարավոր քայլեր», նկատի ունենք ոչ միայն Հայաստանի պետական ու հասարակական կառույցները, այլև ամբողջ հայության, հասկանալի է՝ Սփյուռքի կազմակերպությունների, ներառյալ, իհարկե, եկեղեցու ջանքերը:
Կարծում ենք, վաղուց հասունացել, դեռ մի բան էլ անցել է կոնկրետ որոշման և կողմնորոշվելու պահը: Պետք է օր առաջ սկսել փրկել նրանց, ում դեռ հնարավոր է փրկել: Նրանց, ովքեր ցանկանում են դուրս գալ տևական մարտական գործողությունների արյունոտ թատերաբեմ դարձած, քարուքանդ եղած բնակավայրերից: Ամեն մի ուշացած օրը նշանակում է էլի մի կորսված կյանք, էլի մի դժբախտացած ընտանիք:
Մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկանում են մնալ Սիրիայում, հարգանքի են արժանի իհարկե, և նրանց ևս պետք է կոնկրետ օգնություն ցուցաբերվի: Մարդիկ որոշել են պաշտպանել իրենց քաղաքացիության երկիրը, ծննդավայրը, հայրենիքը, պահպանել հայ համայնքը:
Բայց կան նաև շատերը, որ, բնականաբար, ցանկանում են հնարավորինս շուտ դուրս պրծնել ամենօրյա սպանությունների, ռմբահարումների ու կոտորածի այդ մղձավանջից: Եվ կարծում ենք, որ ամենից ճիշտ քայլը կլինի մեր հայրենակիցների վերաբնակեցման, գոնե ժամանակավոր տարբնակեցման պետական ծրագիր իրականացնելը: Ոչ թե մի շենք կամ թաղամաս կառուցելու, մի տեսակ տեղապտույտի տպավորություն թողնող նախաձեռնություն, այլ միանգամայն հստակ, քայլ առ քայլ մտածված պետական ծրագիր:
Կազմակերպչական առումով ամենից առաջ, կարծում ենք, Արցախի օգնության կոմիտեի օրինակով պետք է ձևավորել որոշակի մարմին, ասենք, «Սիրիայի հայության օգնության կոմիտե», որը հնարավորություն կտա առավել համակարգված և արդյունավետ գործել ինչպես տեղում մնացողներին օգտակար լինելու, այնպես էլ վերաբնակվել ցանկացողներին սատարելու հարցերում:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե տնտեսական և սոցիալական լուրջ դժվարությունների մեջ գտնվող Հայաստանի համար շատ ծանր, գրեթե անհնարին բան է նման ծրագիր իրականացնելը: Սակայն, կարծում ենք, նախ, հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը շատ ավելին են ու անգնահատելի:
Երկրորդ՝ Հայաստանն ամեն դեպքում ունի գործնական հնարավորություն՝ տասնյակ ու տասնյակ հազարավոր մարդկանց ընդունելու, տեղավորելու և կերակրելու համար: Կարծում ենք՝ նաև միջազգային կազմակերպությունները, փախստականների խնդիրներով զբաղվող մարդասիրական կառույցները կարող են որոշակիորեն, թեկուզ առաջին փուլում, լրջորեն աջակցել մեզ այդ հարցում:
Ամենակարևորը. եթե մենք իրական քայլեր ձեռնարկենք ու կարողանանք պատերազմի և կործանման, փոշիացման այդ խառնարանից փրկել, դուրս բերել մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների, եթե կարողանանք այնպիսի խելամիտ ծրագիր մշակել, որ միմյանց շաղկապված մարդիկ հայրենիքում էլ միասին ապրելու հնարավորություն ունենան, կարող եք չկասկածել, որ հաշված տարիների ընթացքում նրանք դրսևորվելու են որպես հայրենիքի լավագույն քաղաքացիներ թե՛ ձեռներեցության, թե՛ արհեստների, թե՛ մնացած բոլոր առումներով:
Անհրաժեշտ է Սիրիայի հայությանը փրկելու համալիր ծրագիր սկսել: Եթե այսօր արդեն որոշակի իմաստով ուշացած է, ապա վաղը կարող է անդառնալիորեն ժամանակավրեպ լինել նման քայլի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/835469136527508?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել