Փաստորեն, պետք է գրեթե մի տարի սահմանի վրա պարբերական բախումներ լինեն, զոհվեն տասնյակ հայ զինվորներ, որ ԱԳՆ-ն ի վերջո բաշարի անել այն, ինչ պետք է աներ դեռ անցած տարվա փետրվարին, հուլիսի վերջին, օգոստոսին, տարեվերջին, հունվարին ու այս տարվա փետրվարին ու իր բոլոր լծակները գործադրի՝ միջազգային կազմակերպություններին ու Արցախյան կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող կառույցներին Ադրբեջանի աննախադեպ ագրեսիան ներկայացնելու ու կոնկրետ գնահատականների արժանանալու համար։
Չնայած, ինչի՞ եմ բողոքում, էլի գոհ լինենք, որ ի վերջո Էդուարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ և նրանց է ներկայացրել Բաքվի սադրիչ քայլերը։
Չի կարելի բողոքել, որովհետև ես արդեն հուսալքվել էի, որ մեր ԱԳՆ-ն երբևիցե ուշադրություն կդարձնի նման «մանրուքների»։
Մնում է հուսալ, որ ուղղակի ներկայացնելով չեն սահմանափակվի ու յազվա կլինեն, որ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, գործուն քայլեր, իսկ եթե տեսնում են, որ չեն ձեռնարկվում, ուրեմն որպես ՀՀ արտաքին գերատեսչություն պետք է իրենք էլ դիմեն այնպիսի քայլերի, որոնք բարձրացնում են իրենց գործունեության արդյունավետությունը, այդ թվում՝ շանտաժի, ինչպես դա անում է Ադրբեջանը։ Թե չէ ստացվում է, որ մենք պասիվ նստած ենք, Ադրբեջանն ինչ խուլիգանություն ցանկանա՝ անում է, հենց մի բան իր սրտով չի լինում՝ հայտարարում է, որ ցանկացած պահի դուրս կգա բանակցային գործընթացից, համանախագահներն էլ ինչ-որ ծեծված ու ոչինչ չասող հայտարարություններ են անում։
Ժամանակը չէ՞ արդյոք, որ համանախագահներն ու Ադրբեջանը սկսեն իրենց մի պարզ հարց տալ. բա որ Հայաստանը դուրս եկավ բանակցային գործընթացից, ի՞նչ եք անելու։