Վստահ եմ, որ այս օրերին բոլոր աշխարհագրություններում հայերս` առաջին հայացքից միմյանց անշաղկապելի, բայց շատ հասկանալի ցավի ու բավարարվածության, կորստի ու հաղթանակի զգացում ունեցանք։
Նկատել եմ՝ բոլորը խոսելու, կիսվելու ցանկություն ուեն…. Ուղերձները շատ են, արժեքավոր, երբեմն հակասական, բայց մի բանում գրեթե համոզված եմ՝ դրանք առաջին հերթին մեզ՝ հայերիս են ուղղված։
Անչափ կարևոր ճշմարտություններ վերահաստատեցինք մենք, նաև աշխարհը։ Մեղքը, ոճիրը, հանցագործությունը ժամկետանց չեն լինում. կա հատուցման տիեզերական անխուսափելի օրինաչափությունը։ Արդարությունն, այնուամենայնիվ, հաճախ հիվանդանում է, բայց չի մեռնում։
Որքան էլ տագնապենք, հուսահատվենք համաշխարհային բարոյական ճգնաժամի, քաոսի և առհասարակ քաղաքականության անբարոյականության ու աշխարհաքաղաքական շահերի առաջնահերթության շուրջ, այդուհանդերձ, բարոյականությունը, համամարդկայինն ու բարեպաշտությունը կամ պարզապես մարդկայինը գոյություն ունի, և քաղաքակրթության շարժիչ ուժը մարդու՝ բանական արարած լինել-մնալու կոդն է։
Մեր պահանջատեր ու համոզված, պատմական անհերքելի հիշողությունը հաղթեց մոռացումին, մեղքին, ոճիրին, խավարին։
Մեզանից ավելի, մաքրումը նաև աշխարհին է անհրաժեշտ՝ քաղաքակրթական կոլապսի եզրին հայտնված աշխարհին։ Մի՞թե այն ինչ կատարվում է Միջին Արելքում, Սիրիայում, Իրաքում ոճիր չէ մարդկության նկատմամբ. սպառնալիք… Իհարկե այո։
Ցեղասպանությունը շարունակվում է, ու քաղաքակրթության ու բարբարոսության սահմաններն այնքան թափանցիկ են, հեշտ խոցելի, գլխիդ անականկալ թափված կարկուտի պես հավանական ու սահմռկեցնող։ Հռոմի Պապից մինչև Ավստրիա, Գերմանիա կամ արթնացող Բուլղարիա, մեր ցավից անդին՝ նաև աշխարհի դիմանկարը մարդկային հունի բերելու տագնապ ունեն, իրենց խղճի հետ հաշտ լինելու քաղաքակրթական մարտահրավեր…Մարդկային դեմքով աշխարհ ունենալու զանգն է գուժում։
Մենք փաստեցինք, որ մեր ողբերգության մեջ մենակ չենք։ Մեր կողքին մեծեր կանգնեցին, ու մեր մեջքը հավասարը հավասարի էր։ Հասկացված լինելը մեղմում է մեր ցավը, ազատում զոհի բարդույթից։ Մենք կարողացել ենք…
Եվ, այնուամենայնիվ, 100-ամյակի միջոցառումների ուղերձն առաջին հերթին մեզ՝ հայերիս էր ուղղված։ Աննկարագրելի պոռթկումով դարձյալ վավերացրինք՝ մեր հավաքական ուժը զորու է լռության ու մերժումի հարյուրամյա պատեր ճեղքել։ Ամբողջ միջազգային մամուլն ապշած է Լոս Անջելեսով, Բեյրութով կամ Սիդնեյով հոսող հայերիս արդարության ու պահանջատիրության գետերով։
Իսկապես, համաշխարհային ազգ ենք, ու չես կարող չգիտակցել, չգնահատել, չհպարտանալ, չբացականչել՝ այս ինչ հսկայական, որակյալ, նախանձելի ու բացառիկ ներուժ ունենք, և…ինչպե՞ս ենք օգտագործում։
Անցնող օրերին Ցեղասպանության վերաբերյալ ցավեցնող, կուրացնող, արյունդ տակնուվրա անող պատմական փաստերի, արխիվային նյութերի կամ վկայությունների տարափին զուգահեռ՝ ժամանակակից հայի ու Հայաստանի պատկերը կա։ Գիտակցում, գնահատո՞ւմ ենք արդյոք, թե ի՛նչ բացառիկ, աներևակայելի թռիչք ենք արել… Ուժ ենք գտել, մնացորդացի, գրեթե չգոյի վրա կարողացել ենք ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ունենալ։
Այս օրերին համաշխարհային հայերի, անհատականությունների շքերթն ուժ է տալիս, հիացում ու հպարտություն միաժամանակ` ՄԵՆՔ-ի աննկարագրելի բերկրանք, արարելու, ավելի լավն ու արժանին լինելու լիցք։
Այսքան միասին էլ ե՞րբ էինք եղել… Երևի 88-ին, երբ սկսել էինք Արցախով մեր անկախությունը նվաճել։ Այսքան միասին էլ ե՞րբ էինք եղել… Երբ ազգն ավելին է, քան պետությունը…
Ապրիլի 24-ն անցավ, ու մնացինք մենք, մենակ, մեր ցավերով ու հոգսերով, տկար պետությամբ։ Մի՞թե Ցեղասպանութունն է այն միակ քաղաքական օրակարգը, որ կարող է համահայկական պոռթկումի ու համախմբումի զորշարժ անել։
Առջևում մայիսն է, մեր իմաստուն հաղթանակների ամիսը… Ու բոլորին տանջող հարցը՝ հետո՞…
Մի՞թե ապրիլ 24-ի լավագույն պատասխանը կայացած ու արժանապատիվ պետությունը չէ։
Մի՞թե հնարավոր չէ մեր համազգային ներուժն ուղղորդել հանուն Հայաստանի՝ արդար ու զարգացող, մարդկային արժանապատվություն ու քաղաքական այլախոհություն հարգող Հայաստանի։
Մեզանից այդպիսի Հայաստան են ակնկալում մեր կողքին կանգնած աշխարհի մեծերը և պահանջում մեր սրբացած նահատակները։
Այլընտրանք չունենք…