Ինչպես գիտեք, Նուրսուլթան Նազարբաևն արդեն 5-րդ անգամ ընտրվեց Ղազախստանի նախագահ՝ հավաքելով քվեների 97 տոկոսից ավելին։ Իհարկե, ոչ մի անսպասելի բան չի եղել, ու իհարկե, շատերը քմծիծաղով են վերաբերվում այդ ընտրություններին էլ, Նազարբաևի գրեթե 100-տոկոսանոց արդյունքին էլ։ Ոչ թե նրա համար, որ համարում են, որ նա լեգիտիմ չէ (իրականում չգիտեմ 97 տոկոսով, թե ավելի քիչ, բայց նրան իրոք աջակցում է երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը), այլ նրա համար, որ սա հիշեցնում է բրեժնևյան դարաշրջանը։
Նազարբաևն էլ ցավագին է ընդունում հատկապես Արևմուտքից եկող հեգնական դիտողությունները և անգամ արձագանքել էր դրանց հետընտրական իր ասուլիսում։ Ու հիմա, երբ նա հատկապես խոցելի է իր փառքի ու ճանաչման մոլուցքի պատճառով, յուրահատուկ դիավանագիտական վրեժ է լուծում Սերժ Սարգսյանը՝ Նազարբաևի՝ ակնհայտորեն պրոադրբեջանա-թուրքական դիրքորոշման համար, ինչպես նաև ապրիլի 24-ին Երևան չգալու ու դելեգացիա չուղարկելու համար։
Մինչ ԱՊՀ երկրների ղեկավարներն, իրար հերթ չտալով, շնորհավորում են Ղազախստանի սուլթանին, պաշտոնական Երևանը պահպանում է քար լռություն ու ցույց տալիս իր անտարբերությունը։
Ինչ խոսք, սրանից Ղազախստան պետությունը ոչ տուժում է, ոչ էլ ցնցումների վտանգն է ավելանում, բայց դա ցավոտ ապտակ է անձամբ Նազարբաևի համար, ինչպես նաև քաղաքական մեսիջ առ այն, որ եթե դու ամեն քայլին ոտնահարում ես դաշնակցային հարաբերությունների ոգին ու պարբերաբար անցնում ես մեր հակառակորդների կողմը՝ չնայած ստանձնածդ պարտականություններին, մենք էլ միամիտ չենք, ու մենք էլ կարող ենք ցավացնել քեզ։ Ու սա լավ է, որովհետև արդար է ու որ առավել կարևոր է՝ ինքնուրույն ու, ասենք, նույն Ռուսաստանի արտաքին քաղաքական գծի մեջ չտեղավորվող քայլ է, ինչն անկասկած ողջունելի է և ինչո՞ւ ոչ՝ կառուցողական, քանզի այս ինքնուրույն գիծը միակն է, որը կարող է մաքսիմալ ծառայել մեր շահերին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=473126669518913&id=100004647524817&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել