Իրանի շուրջ զարգացումները, որոնք տարիներ շարունակ արձանագրում էին վատթարացման կայուն միտում, այսօր, կարծես թե, մոտենում են տրամաբանական հանգուցալուծմանը՝ պատերազմին: Իրանի դեմ ԱՄՆ, Իսրայելի և արևմտյան այլ երկրների «պատժիչ»պատերազմի սանձազերծման հնարավորության մասին գրվել են անթիվ հոդվածներ: Հազար ու մի ռազմական և քաղաքական փորձագետ փորձել է նկարագրել սպասվող պատերազմի ենթադրյալ սցենարները, ուրվագծել արդյունքները և հաշվարկել հետևանքները: Ի՜նչ խոսք, պատմական բախտորոշ իրադարձություններ կանխատեսելը խիստ անշնորհակալ գործ է, քանզի անգամ ահռելի թվով առարկայական փաստերի համատեղումը չի կարող երաշխավորել արվող եզրակացությունների ճշտությունը: Հաճախ, վճռորոշ է դառնում սուբյեկտիվ գործոնը՝ քաղաքական որոշումներ ընդունող անձանց ներքին հոգեբանական մղումները, իրավիճակը գնահատելու ոչ թափանցիկ կամ ենթագիտակցաբար «յուրովի» ելակետերը, վերլուծական տարբեր եզրակացությունների հանդեպ անձնավորված նախապատվությունները և անհամար այլ՝ հստակ չափմանը չենթարկվող հարաչափեր:
Եթե ԱՄՆ, Իսրայելը և այլ շահագրգիռ պետություններն ի կատար ածեն՝ Իրանի միջուկային օբյեկտների և ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման մասին ակնարկվող սպառնալիքները, ապա Իրանը նույնպես անմասն չի մնա պատասխան գործողություններից: Ակնհայտորեն ավելի խոցելի վիճակում գտնվող Իրանը պաշտպանության դասական եղանակներից բացի լայնորեն կիրառելու է նաև ապագծային պատերազմի ողջ զինանոցը: Պատերազմի ընդլայնման շրջանակներում չի կարելի բացառել նաև ցամաքային գործողությունների ծավալումը: Իրանի դեմ հարձակողական ցամաքային գործողությունները կարող են ունենալ ծավալային տարբեր ընդգրկում՝ երկիրն ամբողջությամբ գրավելու (ներկա դրությամբ մեծապես անհավանական) ծրագրից մինչև որոշ առավել կարևոր հատվածների մասնակի ռազմակալումը: Ցամաքային գործողությունները, եթե այդպիսիք լինելու են, նախ և առաջ միտված են լինելու հարձակման գլխավոր դերակատարների կողմից (բացառությամբ Իսրայելի) Իրանի ռազմատնտեսական առանցքային նշանակության և գերազանցապես սահմանամերձ գոտիների ռազմակալմանը՝ Հորմուզի նեղուց, Քեշմ կղզի, Բուշիր և Բենդեր Աբաս նավահանգիստներ, ինչպես նաև նավթի ու բնական գազի արդյունահանման տեսանկյունից առավել հարուստ Խուզիստան նահանգը:
Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից առանձնապես վտանգավոր է երկրորդական դերակատարների՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու թերևս ավելի հեռավոր, բայց պաշտոնապես ոչ պակաս հայատյաց Պակիստանի նկրտումները: Եթե իրանական ճգնաժամը թևակոխի ռազմական հարթություն և, հատկապես, եթե հարձակվող տերությունները նպատակադրվեն մասնակիորեն կամ ամբողջությամբ ռազմակալել Իրանի տարածքը, ապա ցամաքային գործողություններին երկրորդական դերակատարների մասնակցությունը մեծապես հավանական է դառնում:
Շարունակությունն՝ այստեղ



