Մինչ աշխարհի մի շարք երկրներ, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպություններ և կառույցներ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված այդ սարսափելի ոճրագործությունը դատապարտող հայտարարություններ էին տարածում կամ բանաձևեր ընդունում, հարևան Վրաստանն այս անգամ ևս հրաժարվեց 1915թ.-ի հայերի Ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական որակում տալուց:
Վերոնշյալ հարցին անդրադարձ չեղավ ոչ նախագահի և ոչ էլ վարչապետի մակարդակով, իսկ ահա Ազգային Ժողովի նախագահը հայտարարեց, որ այդ առնչությամբ խորհրդարանում որևէ փաստաթուղթ չի շրջանառվում:
Վերջին տարիներին Վրաստանում հաստատված թուրք-ադրբեջանական կապիտալը, դրա ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա գլխավոր խոչընդոտն է հանդիսանում վրացական իշխանությունների համար՝ կայացնելու արդար որոշում և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Տնտեսական այդօրինակ կախվածությունը Վրաստանի քաղաքական վերնախավին թույլ չի տալիս անձնական կարծիքն արտահայտել հիշյալ հարցի կապակցությամբ, ինչը նշանակում է, որ պաշտոնական Թբիլիսին դժվարին կացության մեջ է հայտնվել:
Թեև վրացի որոշ քաղաքական կամ հասարակական շերտի ներկայացուցիչներ հայտարարում են, որ 1915թ.-ի դեպքերը պետք է ուսումնասիրվեն, ըստ որոնց և հնարավոր կլինի ճշմարտացի որոշում ընդունել, այդուհանդերձ, իրականում Վրաստանը վաղուց պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն, ինչպես նշեցինք, քաղաքական խնդիրները դեռ խանգարում են Թբիլիսիին ընդունելու պատմական ճշմարտությունը:
Բանն այն է, որ վերոնշյալ հանգամանքներին զուգահեռ թուրքական և ադրբեջանական իշխանությունները ջանք չեն խնայում իրենց վրացի գործընկերներին մշտապես հիշեցնելու, թե ինչ քաղաքական և տնտեսական վնասներ կարող են կրել վրացիներն այդ երկու երկրների հետ հարաբերությունները փչացնելու արդյունքում:
Նշվածի վառ օրինակն է որոշ վրացի պատգամավորների, այդ թվում նաև՝ իշխանական թևի խորհրդարանականների անկեղծ զրույցները լրատվամիջոցների հետ, որտեղ նրանք նշում են, որ եղել են մեսիջներ Անկարայի կողմից, և յուրաքանչյուր պատգամավոր նախազգուշացվել է այդ հարցը բարձրացնելուց հետո հնարավոր բացասական հետևանքների մասին:
Հ.Գ. Մնում է փաստել, որ այսօրվա Անկարան ոչ միայն խուսափում է որպես եղելություն ընդունել իր նախորդների կողմից գործած հանցավոր արարքները, այլ նաև սպառնալիքների կիրառմամբ փորձում է սաստել մյուսներին: